Ամերիկյան բժշկական ասոցիացիան (ԱԲԱ) կոչ է արել դադարեցնել էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱԲԱ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Երկրում էլեկտրոնային ծխախոտի հետ կապված թոքային հիվանդությունների տարածումը, խորացնում է մեր այն համոզմունքը, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը և վեյփինգը համաճարակի բնույթ են ստացել»:
ԱԲԱ-ն ԱՄՆ-ում բժիշկների առավել հայտնի և ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Այն նախազգուշացրել է, որ շնչառության խնդիրներ, կրծքում ցավ կամ ուժեղ հազ ունեցող վեյփերները պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության:
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) իր հերթին էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրող JUUL ընկերությանը նախազգուշացում է ուղարկել՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման՝ իր արտադրանքի անվտանգության մասին անհիմն հայտարարություններ տարածելու մեջ:
Վեյփինգը համարվում է ԱՄՆ-ում թոքաբանական խանգարումների վերջերս հայտնաբերված 450 դեպքի պատճառը, որի հետևանքով 5 մահվան ելք է գրանցվել: