Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։
Ցուցահանդեսի երկրորդ բաժնում «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութերն են` նվիրված գրողի 150-ամյակին: Ցուցանմուշներում ներկայացված է Թումանյանի կենսագրական շղթան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 11-ին:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ցուցադրված մի շարք լուսանկարներից առանձնացրեց Թումանյանի ընտանիքի միակ լուսանկարը, որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են: «Սա 1914 թվականի գարնանն արված լուսանկար է. ճակատագրական մի տարեթիվ, որից հետո ընտանիքի անդամներն առանձնացան, որպեսզի յուրաքանչյուրն իր առաքելությունն իրագործի: Հետաքրքիր է նաև Թումանյանի դստեր`Թամարի լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թվականին Մետեխի բանտում այցելել էր հորը: Այդ հագուստի ծալքերի մեջ պահելով` նա տուն էր բերել «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունն ու «Վայրէջք» բանաստեղծությունը: Թամարը մշտապես հպարտացել է, որ հոր երկու գործերի փրկիչն է»,-պատմեց Եղիազարյանը:
Ներկայացնելով Անուշ Թումանյանի կերպարը` տնօրենն ասաց, որ նա յուրահատուկ աղջիկ էր: «Անուշը շատ է սիրել լուսանկարվել: Նա բավականին ռոմանտիկ էր, բանաստեղծական քնքուշ հոգի ուներ և ստեղծագործական պատառիկներ է գրել, որոնք մենք նախատեսում ենք հրատարակել: Թումանյանի և Անուշի զրույցները հիմնականում վերաբերել են գեղարվեստին, գրականությանը»,-նշեց Եղիազարյանը:
Թումանյանի որդիներից Արտավազդը դրամատուրգ էր։ Եղիազարյանի խոսքով` երբ Թումանյանը նրան մարդկանց հետ էր ծանոթացնում, Արտավազդը շեշտում էր, որ դրամատուրգ է: «Արտավազդը գրել է հետաքրքիր պիեսներ` անդրադառնալով համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կենսագրություններին: Նրա պիեսներից մեկն անգամ բեմադրվել է: Ավաղ, նա զոհվել է 24 տարեկանում Վանի գաղթի ժամանակ»,-շեշտեց թանգարանի տնօրենը:
Ցուցադրված ալբոմներում ոչ միայն ընտանիքի անդամների լուսանկարներն են, այլև գեղարվեստական գործեր: Ալբոմներից մեկում էլ այն մարդկանց լուսանկարներն են, որոնց հետ Թումանյանը հաղորդակցվել է. նրանցից է Խրիմյան Հայրիկը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ներկայացնելով գործակալության եզակի ցուցանմուշները, շեշտեց, որ դրանք ունեն բացառիկ արխիվային արժեք:
«Սա հետահայաց ցուցահանդես է, որում ներկայացրել ենք այն ցուցադրության բացառիկ պահպանված նմուշները, որ «Արմենպրես»-ը կազմակերպել և պատրաստել էր Թումանյանի 100-ամյակի կապակցությամբ: Ցուցանմուշներն ունեն բացառիկ արխիվային արժեք: Մենք ոչ միայն թվայնացրել ենք մեր գզրոցների ժապավենները, այլև փորձել ենք ներկայացնել ժամանակի ցուցահանդեսային մշակույթը»,-նշեց Անանյանը:
Գործակալության տնօրենն ընդգծեց, որ ոչ միայն ներկայացրել են բացառիկ կտորներ, որոնք թվայնացումից հետո հասանելի են բոլորին, այլև ցուցադրել են ժամանակին գործակալության կատարած աշխատանքը` ուղղված Թումանյանի հանրահռչակմանը:
«Նպատակ ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի, Կոմիտասի 150-ամյակին համանման ցուցադրություն կկազմակերպենք և ցուցահանդես կիրականացնենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Կոմիտասն ու Թումանյանը հաճախ են հանդիպել: Դա կդառնա մեծերի յուրահատուկ միավորում իրենց հարազատ մշակութային օջախում»,-եզրափակեց Արամ Անանյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 20-ը: