«Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին խորհրդարանում կփոխարինի Արթուր Մանուկյանը: Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ ընթացակարգին համապատասխան կստանձնի օրենսդրի մանդատը:
Նշենք, որ Մանուկյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, նաև երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան է: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Արթուր Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառներին և որակել որպես պատասխանատվությունից հրաժարվելու քայլ:
«Պատասխանատվությունը նրա համար է, որ ինչ-որ մեկը պետք է ստանձնի, ես իհարկե չեմ պատկերցնում, որ այս ամենը հեշտ է լինելու: Երբ պարզ էր, որ հեղափոխությունը եղավ, ես հասկանում էի, որ լինելու է ծայրահեղ դժվար: Եթե այն ժամանակ ենթադում էի, այսօր արդեն գիտեմ, որ ամեն քարի տակ ական կա դրված, հնարավոր չէ մեկ ոլորտին նույնիսկ ամենաթույլ ուժգնությամբ ձեռք տալ և ահավոր խնդիրներ դուրս չգան: Այդ խնդիրները մեկ օրվա չեն, դրանք տասնյակ տարիների խնդիրներ են, բայց խնդիրն այն է նաև, որ մենք պետք է ապրենք, դրանք չենք կարող թողնել մյուս սերնդի վրա, պետք է խնդիրը վերցնենք, փորձենք լուծումներ գտնել, եթե կարողացանք՝ ուրեմն լավ, եթե ոչ, գոնե պարզ լինի, որ կա խնդիր, որի շուրջ մեր ուժերը չհերիքեց և մյուս սերունդը կարող է լուծում գտնել, ոչ թե բացահայտեն իրենց համար տարբեր խորություներով թաքնված ականներ, որոնցից կարելի է նաև զարհուրել, ո՞նց կարելի է այդ խնդիրները չլուծելով առաջ գնալ, ապրել երջանիկ, հարուստ ու անհոգ»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am