Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը Լիտվայում անցկացված միջազգային մրցաշարում 17 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել արծաթե մեդալներ։ Մեր հավաքականը անցկացրած տասը խաղերից հաղթել է հինգում և պարտվել միայն երկուսում:
Մրցաշարն անցկացվում էր սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում։
Դժվար է հիշել մի մրցաշար, որին Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է ու մնացել առանց մրցանակի: Իսկ Լիտվայում արդեն ավանդական դարձած մրցաշարին մեր հավաքականը մասնակցում էր չորրորդ անգամ: Նախորդ երեք մասնակցությունների ժամանակը հայ լրագրողները եզրափակել են մրցանակային եռյակը: Այս անգամ մեր հավաքականը մեկ քայլ առաջ գնաց` դառնալով երկրորդ մրցանակակիր:
Բայց մեր թիմը միայն այս մրցանակով չի բավարարվել: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Մելքունյանը կազմակերպիչների կողմից ճանաչվել է որպես մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ու պարգևատրվել` ստանալով Լիտվայի ազգային հավաքականի մարզաշապիկը:
Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։
Հավելենք, որ մրցաշարը ներկայացուցչական է եղել, քանի որ պայքարի մեջ են մտել Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Եգիպտոսի, Մոլդովայի, Լատվիայի և Լիտվայի թիմերը:
Լրագրողների ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։