Ինչպես ասում են՝ խոստացավ ու եկավ. այո, Թոմաս Ն՛Էվերգրինը՝ դանիացի այն հայտնի երգիչը, որի հիթերի ներքո 2000-ականների սկզբին պարում էին բոլորը, իր ամենահայտնի ստեղծագործությունները (Everytime, Since You’ve Been Gone, Ay,Ay,Ay, In a Moment Like This…) օրերս կատարեց Երեւանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում. երգիչը Yerevan Music Night-ի հատուկ հյուրն էր:
NEWS.am STYLE-ը մինչեւ համերգն արդեն հասցրել էր զրուցել երգչի հետ, որը մեզ պատմել էր իր ելույթի մանրամասներից: Իսկ ի՞նչ էմոցիաներով է Ն՛Էվերգրինը վերադարձել հայրենիք՝ հայ հանդիսատեսի հետ հանդիպումից, հայկական դոլման համտեսելուց եւ դուդուկի հնչյունները վայելելուց հետո: Երգիչն արդեն Դանիայի ճանապարհին էր, երբ կապ հաստատեցինք նրա հետ. վերը նշված հարցերի պատասխանները կարդացեք արտիստի հետ մեր բացառիկ հարցազրույցում:
Թոմաս, առաջին անգամ էիք Հայաստանում՝ հայկական բեմին, հայ հանդիսատեսի առաջ… դե, պատմեք՝ ի՞նչ տպավորություններ ունեիք համերգից հետո:
Համերգը շատ լավ անցավ, ճիշտ է՝ սկզբում ձայնային հնչողության հետ կապված փոքրիկ խնդիրներ եղան, բայց հետո ամեն ինչ հարթվեց, եւ մենք էլ ավելի ուրախ եղանք: Նախ նշեմ, որ համերգի վայրի ընտրությունը հրաշալի էր, գեղեցիկ էր այն, որ բեմահարթակը շրջապատված էր ջրային տարածքով: Ցավոք, վտանգավոր մի դեպք էլ եղավ. նրանք, ովքեր ներկա էին, երեւի նկատեցին, որ մի աղջիկ պատահաբար ընկավ ջրի մեջ, եւ ես մի փոքր սկսեցի տատանվել՝ շարունկաե՞լ, թե՞ ընդհատել շոուն: Բայց, բարեբախտաբար, նա ժպտաց եւ ուրախ եմ, որ ոչ մի վնասվածք չստացավ, իսկ անվտանգության աշխատակիցները օգնեցին նրան դուրս գալ ջրից:
Մեր ելույթն, առհասարակ, հետաքրքիր փորձ էր ինձ համար, ամեն ինչ հրաշալի էր, ինձ դուր եկավ:
Ծրագիրը մի փոքր հետաձգվեց, այդ պատճառով էլ մենք չհասցրինգ երգել Just Another Love Song երգը, քանի որ ելույթը պետք է ավարտեինք 23:00-ին: Ոչինչ՝ մյուս անգամ կերգեմ (ծիծաղում է):
Այո, իսկապես, բեմը լի էր էներգետիկայով. ի դեպ, որտեղի՞ց եք վերցնում այդ էներգիան: Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:
Էներգիայի մեծ փոխանակում է կուտակվում իմ եւ իմ բենդի ներսում, որը փոխադարձաբար տալիս ենք հանդիսատեսին, նույնը ստանում նրանցից: Գիտե՞ք, որքան շատ էներգիա ես փոխանցում, այնքան ավելի շատ ստանում ես: Իսկ մենք հանդիսատեսից շատ դրական լիցքեր ստացանք, ինչն, անխոս, ազդեց նաեւ իմ ելույթի վրա:
Ամեն շրջագայություն, ասես, նոր հնարավորությունների շղթա լինի՝ նոր ընկերներ, նոր համագործակցություններ եւ ծանոթություններ ձեռք բերելու առիթ: Ի՞նչ նորություն բերեց Ձեր կյանք Հայաստան այցը: Հայ կատարողների հետ ծանոթացա՞ք, մի՞գուցե լինեն ինչ-որ համագործակցություններ:
Այո, իհարկե: Հատկապես, շատ հավանեցի Kami Friends Project-ի դուդուկահարներին: Այդ գործիքն իր մեջ այնքան էմոցիա է կուտակում: Այն, իսկապես, հուզում է հոգիս ու օգնում հասկանալ մի լեզու, որն ինձ իրականում անծանոթ է: Դուդուկահարներից մեկը Ջիվան Գասպարյանի թոռն էր՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, որի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալու դեռեւս 2010 թ-ին՝ «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ (Թոմասն այդ տարի մրցույթում ներկայացնում էր Դանիան. հեղ.): Կցանկանայի մի գործ ստեղծել դուդուկի ուղեկցությամբ:
Ամբողջությամբ՝ style.news.am