Կարինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքական, այսինքն կուսակցական դարձնելու օրենքի նախագիծը ի չիք է դարձնում հայկական պետականություն ունենալու մեր բոլոր հույսերը: Այն ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Իմ քայլ»-ի հետ համաձայնեցրած, կամ գուցե առաջարկով, և, բնականաբար, առաջին ընթերցմամբ այն շռնդալից հաջողությամբ անցել է:
Մի քանի փաստարկ բերեմ, թե ինչու չի կարելի, որ Ազգային անվտանգությամբ ուղղակորեն զբաղվող պետական կառույցը՝ որը Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունն է, լինի կուսակցական կամ, որը նույնն է՝ քաղաքական: Որովհետև, միշտ հնարավոր է, որ իշխանության եկած կուսակցությունն, ի վերջո, չսպասարկի ազգային շահերը և այդ դեպքում Ազգային անվտանգության ծառայության անկուսակցական բնույթը երկրի կայունության և անվտանգության երաշխիքն է:
Հայեցակարգերի մշակման կամ ղեկավարման մակարդակում ԱԱԾ-ն բնականաբար, հիմնված պետք է լինի ազգային գաղափարախոսության և ազգային շահերի վրա, իսկ կատարման մակարդակում այն պետք է լինի չափազանց պրոֆեսիոնալ: Առաջին դեպքում գործ ունենք «ազգային»-ի և «կուսակցական»-ի տարբերության, հնարավոր է նաև հակասության հետ, իսկ երկրորդ դեպքում, վստահաբար կարելի է ասել, որ կուսակցությունների ներուժով սահմանափակվելը չափազանց սխալ է:
Մեր ազգային անվտանգությունը մեկ կուսակցության վստահելը, Ազգային անվտանգության ծառայությունը կուսակցականների որջ դարձնելը, իրականում, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է: Եթե Ազգային ժողովը զբաղված է դրանով, թող օր առաջ հայտարարի դրա մասին:
Հ.Գ. Իշխող կուսակցությունը հինգը տարին մեկ փոխվում է, իսկ գաղտնի հետախուզական ցանցը մնում է; Պատկերացնում եք, չէ՞, ինչ անհեթեթ օրենք է առաջին ընթերցմամբ անցել»:
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքական, այսինքն կուսակցական դարձնելու օրենքի նախագիծը ի չիք է…
Gepostet von Karine Hakobian am Dienstag, 17. September 2019