Տեղի ունեցավ հիմնանորագված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացման արարողությունը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեղի ունեցավ հիմնանորագված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացման արարողությունը

Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի սրտաբուխ նվիրատվությամբ:

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ:

«Շքեղազարդ այս իրագործումները՝ Վեհարանի վերստին նորոգությունը, Սրբոց Հայրապետաց մատրան և հանդիսությունների սրահի կառուցումը կյանքի են կոչվել ազգային մեծ բարերարներ տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների իշխանական սրտաբուխ նվիրատվությամբ: Տիար Սամվել Կարապետյանի անունը քաջ ծանոթ է մեր ժողովրդին՝ որպես հայրենասեր ու ազգանվեր անձ և մեծ բարեգործ: Բարեգործությունը նրա հոգու մղումն է, արտահայտությունն է նրա բարեպաշտ էության և անկեղծ ձգտումի՝ նպաստելու ազգի և Եկեղեցու բարօրությանն ու առաջընթացին: Այս հանձնառու ոգով նա սիրով ստանձնեց հանդիսությունների դահլիճի կառուցման հովանավորությունը: Այնուհետ տեղեկանալով Վեհարանի նորոգման ծրագրին՝ տիար Սամվել Կարապետյանը իրեն հատուկ մեծահոգությամբ կամեցավ նաև ամբողջապես ստանձնել Վեհարանի հիմնովին նորոգությունը»- իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:



Նման նյութեր