64-ամյա Գրեգ Մակչեսինն ամերիկյան Միչիգան նահանգից վարակվեց հազվադեպ հիվանդությամբ մոծակի կծելուց հետո և մահացավ 9 օր անց։
Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, հուլիսի վերջին Գրեգը ֆերմայում էր և օգնում էր եղբորը՝ Մարկին, նորոգել լճակի նավամատույցը։ Այնտեղ նա նոպա ունեցավ, ինչից հետո նրան անհապաղ հասցրին հիվանդանոց, որտեղ ախտորոշեցին ձիերի արևելյան էնցեֆալիտի մահաբեր վիրուս (ՁԱԷՎ), որը փոխանցում են մոծակները։ Բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը։
Միչիգանի առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտի (MDHHS) ներկայացուցիչ Ջոնի Հալդունը նշել է, որ նահանգում ՁԱԷՎ բռնկում կա։ Արդեն գրանցվել է այդ հիվանդությամբ վարակվելու յոթ դեպք։ Միևնույն ժամանակ, դրանից տառապում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները. մոծակի խայթոցից արդեն ինը ձի է սատկել։
Երկու վարակված մարդկանց հաջողվել է բուժել. երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, հիվանդանոցից դուրս են գրել մի երեխայի Քովենթրի քաղաքից (Ռոդ Այլենդի նահանգ) և մի 50-ամյա տղամարդու հարևան Մասաչուսեթսի նահանգից։ Իշխանությունների տվյալներով՝ վարակման առավել ռիսկի ենթակա են Ռոդ Այլենդի բնակիչները։ Անցած շաբաթ նահանգի տարածքը մշակել են պեստիցիդներով։
ՁԱԷՎ-ի ժամանակ ջերմությունը հանկարծակի բարձրանում է, սկսվում են դող և հոդացավեր։ Հիվանդությունն առաջ է բերում նաև սուր գլխացավեր, ցնցումներ, ուղեղի բորբոքում և կաթված։ Ծանր դեպքերում ուղեղի ախտահարումը դառնում է անշրջելի, մարդն ընկնում է կոմայի մեջ կամ մահանում է։
Վիրուսը խիստ հազվադեպ է հանդիպում, մեկ տարում ախտորոշվում է մոտ 7 դեպք, միևնույն ժամանակ, հիվանդության հանդեպ ավելի խոցելի են մինչև 15 տարեկան և 50-ից բարձր տարիքի մարդիկ։