Վանաձորի Հայք հրապարակը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով: Նոր շատրվանները պատվիրվել են Չինաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Իրականացվում է մոտ 250 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր: Մի հատվածը հոգում է պետությունը, մյուսը՝ համայնքը»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ Վանաձորն իր տոնին ընդառաջ կներկայանա նոր հրապարակով: Իսկ շատրվանները չեն զիջելու մայրաքաղաքի շատրվաններին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ հրապարակի բարեկարգման ծրագիրը Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից ամենախոշորն է: «Վերանորոգվում է հատակը՝ բազալտե սալիկներով, լինելու է նոր շատրվան, բեմ»,-ասաց մարզպետն ու հավելեց՝ լուծվելու է նաև լուսավորության հարցը:
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Մարզպետը նշեց՝ գուցե լուսավորության աշխատանքները մի փոքր ավելի ուշ ավարտվեն: