ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում , ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, նշվում է նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի անունը։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:
Բացի այդ, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանը Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է մի քանի անգամ՝ վկայի կարգավիճակում։ Նրան մեղադրանք չի առաջադրվել։
Ինչպես է վերաբերվում Թամամյանը ՀՔԾ-ի կողմից իրեն վերագրվող գործողություններին, ենթադրյալ կեղծիքներին՝ «Փաստինֆո»-ն այս հարցերի շուրջ զրուցել է Հովհաննես Թամամյանի հետ։
-Ես այս պահին ի՞նչ մեկնաբանեմ, այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, երբ ինձ կկանչեն, դրանից հետո մեկնաբանություն կտամ։
-Նախկին ոստիկանապետին առաջադրված մեղադրանքում խոսվում է փաստաթղթերի կեղծման մասին։ Նման բան եղե՞լ է։
-Իհարկե ոչ։
-Գործով ցուցմունք տվե՞լ եք։ Ի՞նչ եք պնդել Ձեր ցուցմունքներում։
-Հիմա չասեմ, երբ հրավիրեն, հետո կխոսեմ։
-Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները քրեական գործերով են անցնում։ Իրավակա՞ն պրոցես է, թե այդուհանդերձ, այլ բան կա։
– Կարծում եմ, բոլորն են տեսնում
-Ի՞նչ նկատի ունեք, ինչ են տեսնում ։
-Իմ կարծիքը՝ վերջում։ Երբ ինձ հրավիրեն, ինչ-որ մի բան առաջադրեն, նոր կասեմ։