Եթե դուք տեւական ժամանակ աշխատում եք համակարգչի մկնիկով կամ ձեռքով այլ աշխատանք եք կատարում, հնարավոր է՝ լուրջ չընդունեք կամ չնկատեք մատներում աստիճանաբար ուժգնացող ծակծկոցները եւ թմրածության զգացողությունը:
Իրականում այս ախտանիշները կարող են խոսել մի շատ լուրջ եւ տարածված խնդրի մասին, որը կոչվում է Կարպալ (դաստակային) թունելի համախտանիշ:
Կարպալ թունելի համախտանիշը վերին վերջույթների տարածված պաթոլոգիաներից է: Առաջանում է միջին նյարդի (n.medianus) ճնշման արդյունքում:
Պատճառներն են միօրինակ եւ մոնոտոն շարժումները, տարբեր տրավմաները, ինչպես նաեւ՝ ժառանգական գործոնը:
Ի դեպ, հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:
Կարեւոր է ախտանշանների ի հայտ գալուն պես դիմել բժիշկի, քանի որ հետագայում հիվանդությունը բարդանալու միտում ունի:
Կարպալ թունելի համախտանիշը վաղ շրջանում կարող է նահանջել մի քանի շաբաթ ճաճանչ-դաստակային հոդի օրթեզ կրելու արդյունքում, սակայն ուշացած դեպքերում վիրահատական միջամտության կարիք է լինում: