Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ հանրապետական ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում սեպտեմբերի 28-ին անցկացվեցին զորավարժություններ պահեստազորայինների՝ սակրավորների ներգրավմամբ։
Պլանավորվել էին այն գործողությունները, որոնք մարտի դաշտում երաշխավորված կերպով առաջանում են։ Մասնավորապես, ականադաշտերի տեղադրումը և ականազերծումը, ռազմական նշանակության ճանապարհների վերակառուցումը, վերանորոգումը, պայթեցված կամուրջների մոտակայքով ճանապարհների ապահովումը՝ կիրառելով բարդ տեխնիկա։ Զորավարժություններին մասնակցում էին բացառապես պահեստազորայինները։ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ մայոր Իշխան Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ռազմավարական զորավարժությունը դիտարկում են որպես առանցքային միջոցառում։
«Առանցքային ենք համարում ոչ միայն զինված ուժերի, այլև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այդ կառույցներն առաջին փուլում ընդգրկված էին մեծ ծավալով։ Զորավարժությունների շրջանակում զորահավաք անցկացնելն ամենաբարդ գործն է, սակայն կարող եմ ասել, որ աշխատանքն իրականացվեց շատ լավ»,-֊ասաց Իշխան Մաթևոսյանը։ Նա ընդգծեց, որ մեր պահեստազորայինները զորահավաքներին իրենց մասնակցությունը գնահատեցին ոչ թե պարտադրանք, այլ որպես հնարավորություն կատարելագործելու սեփական հմտությունները։
«Իհարկե, ընթացքում մենք մասնագիտական աչքով նկատեցինք որոշ շեղումներ, սակայն դրանք համարում եմ օբյեկտիվ և որևէ ազդեցություն չեն թողել ընդհանուր գործի վրա։ Պահեստազորայինները, որոշակի աննշան փորձ ձեռքբերելուց հետո, վստահաբար կարող ենք ասել, որ անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել մարտական խնդիրների կատարմանը»,-֊ասաց նա։
Զորավարժություններն ավարտվեցին պարգևատրումներով։ Պարգևատրվողներից շարքային Արմեն Ամիրխանյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում զորավարժություններին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ոգևորությամբ է եկել։
«Մեծ սիրով ու ուրախությամբ մասնակցել եմ։ Գիտակցում եմ, որ երկրի կայունության, անվտանգության հիմքը նաև այս զորավարժություններն են։ Մեր մասնագիտության ոլորտում ժամանակի հետ նորարարություններ են լինում և շատ կարևոր է նման զորավարժությունների միջոցով դրանց ծանոթանալը, գիտելիքները թարմացնելը։ Դրանից բացի վերհիշում ենք մեր ծառայության օրերը։ Այս ընթացքում զինվորի օրակարգով, զինվորի հաց ու ջրով ենք ապրել»,-֊ասաց Արմեն Ամիրխանյանը։
Ավագ ենթասպա Արմեն Շադյանը, ով նույնպես պարգևատրվեց, նշեց, որ զորավարժությունները բավական արդյունավետ էին։
«Ես 20 տարի ծառայել եմ ու անցել եմ թոշակի։ Որպես պահեստազորային առաջին անգամ եմ մասնակցում, իսկապես, տպավորված եմ։ Շատ հետաքրքիր էր ու շատ ուսանելի»,֊-ասաց Արմեն Շադյանը։