Ռոնալդուն՝ «Մակդակից» սնունդ խնդրելու և Ջորջինայի մասին՝ հազվադեպ անկեղծ հարցազրույցում
Advertisement 1000 x 90

Ռոնալդուն՝ «Մակդակից» սնունդ խնդրելու և Ջորջինայի մասին՝ հազվադեպ անկեղծ հարցազրույցում

Ռոնալդուն հազվադեպ է տալիս մեծ հարցազրույցներ:  Նա, իհարկե, այնքան փակ չէ, որքան Լեո Մեսսին, և շփվում է մամուլի հետ, բայց երկար հարցազրույցներ` տարին մեկ կամ երկու անգամ: Նա զրուցել է բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանի հետ, ով աշխատում է ITV-ում: Նման բաց և անկեղծ հարցազրույցը հազվադեպ է այս ֆուտբոլիստի համար:

Փոքր տարիքում սնվում էր «Մակդակի» մնացորդներով

Մորգանը հիշել է պատմությունն այն մասին, թե ինչպես Կրիշտիանուն, գտնվելով «Սպորտինգի»  ակադեմիայում, գնում էր  «Մակդոնալդս», որտեղ երեկոյան Էդնա անունով մի կին նրան տալիս էր մնացած բուրգերները:

«Գիտեք, երբ ես 11 տարեկան էի, մենք փող չունեինք: Մենք ապրում էինք գիշերօթիկ դպրոցում: Ընտանիքը մնաց Մադեյրա քաղաքում, ուստի ես նրանց տեսնում էի երեք ամիսը մեկ: Շատ ծանր էր առանց ընտանիքի: Երեկոյան մենք իսկապես ուզում էինք ուտել, մենք գնում էին հարևան «Մակդոնալդս»  և թակում էինք հետևի դուռը: Էդնան և ևս երկու աղջիկ բուրգերները տալիս էին մեզ:

Փորձեցի գտնել նրանց, զրուցեցի մարդկանց հետ Պորտուգալիայում, բայց դա ինձ չհաջողվեց: Իսկ այդ «Մակդոնալդսը»  փակվել է: Հուսով եմ, որ հարցազրույցը կօգնի գտնել նրանց:  Ես շատ ուրախ կլինեմ: Ցանկանում եմ նրանց հրավիրել Թուրին կամ Լիսաբոն՝ ճաշի:  Ի պատասխան՝ ուզում եմ ինչ-որ բան անել նրանց համար: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ նրանք արեցին ինձ համար, ես իսկապես գնահատում եմ դա: Դուք պատկերացում չունեք, թե որքան կարևոր է դա ինձ համար»:

Ավելի շատ հետևոդներ, քան Քարդաշյանը

Ռոնալդուն Instagram-ի ամենատարածված հաշիվն ունի. ավելի շատ հետևորդներ, քան Բեյոնսեն և Քիմ Քարդաշյանը և, իհարկե, ավելին, քան Մեսսին:

«Անկեղծ ասած, ես զարմացած չեմ: Ես գիտեմ, թե ով եմ: Իմ ամբողջ կյանքը` այն, ինչ ես արել եմ և անում եմ, բոլորն այն պատճառով են, որ ես կիրք ունեմ: Իմ կյանքի 75%-ը ֆուտբոլն է: Մնացածն իմ ընտանիքն է: Այո, իհարկե, ես սիրում եմ լինել թիվ մեկը: Բայց եթե Instagram-ում ես բաժանորդների կողմից լինեմ երկրորդը, երրորդը կամ չորրորդը, դա այնքան էլ կարևոր չէր լինի: Բայց իմ աշխատանքում` այո, ես ուզում եմ լինել թիվ մեկը»:

Կրիշտիանու Ռոնալդու լինելը շատ դժվար է: Անընդհատ ուշադրություն, դու չես կարող պարզապես զբոսնել այնպես, որ ոչ ոք քեզ չնկատի: Կրիշտիանուն համաձայն է լրագրողի հետ. դա զայրացնում է.

«Այս տասը տարիների ընթացքում իմ մենակ մնալու հնարավորությունը վերացել է: Չեմ ուզում բողոքել, բայց եթե հաշվենք, թե անցած մեկ տարվա ընթացքում ես քանի անգամ եմ երեխաների հետ դուրս եկել Թուրին զբոսնելու, ապա կստացվի զրո:  Եթե նույնիսկ 20 մարդ մոտ գա, երեխաները կնյարդայնանան, ես կնյարդայնանամ, իմ ընկերուհին կնյարդայնանա: Իսկ հասարակական վայրերում պետք է ավելի զգույշ վարվել: Եթե հանկարծս մատդ տանես դեպի քիթդ, ապա անմիջապես կլուսանկարվես: Դու չես կարող ազատ լինել: Եվ դա զայրացնում է: Բայց ինչ անել: Որևէ բան փոխելու համար ուշ է: Պետք է ընտելանալ»:

Ռոնալդուին մեկ քայլ էր բաժանում «Արսենալ» տեղափոխվելուց

2003 թվականին Ռոնալդուն կարող էր հայտնվել «Արսենալում», նրանով հետաքրքրված էր անձամբ Արսեն Վենգերը: Սակայն, ի վերջո, նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «Արսենալի» երկրպագու Մորգանին դա դուր չեկավ:

– Ճիշտ է: Ես շատ մոտ էի «Արսենալ» տեղափոխվելուն:

– Որքան մոտ: Ասա, կոտրիր սիրտս:

– Շատ մոտ, մեկ քայլ էր բաժանում ինձ:

– Իսկապե՞ս:

– Այո:

– Այսինքն, մենք՝ բոլորս, կարող էինք հաղթել քեզ հետ:

– Ես կփորձեի օգնել:

– Այսինքն՝ դուք վերջին պահին որոշեցիք այլ ակումբ գնալ: Բայց դա լավ հնարավորություն էր:

– Ես ցավում եմ: Ցավում եմ, որ չեմ գնացել «Արսենալ»:

– Դա ես երազում էի:

– Դա ֆանտաստիկ ակումբ է:

– Դեռ ուշ չէ: Ռոնալդուն և «Արսենալը» ճակատագիր են: Դուք կհաղթեք ամեն ինչ:

– Տեղափոխությունը տեղի չի ունեցել, բայց ես գնահատում եմ այն, ինչ նրանք արեցին ինձ համար, հատկապես Արսեն Վենգերը:

Նրա ամենաուժեղ կողմը մտածողությունն է

Պիրս Մորգանը, ով վարում էր հարցազրույցը, խոստովանել է, որ իր համար Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

«Երբ ես քեզ նման մարդկանցից լսում եմ նման բառեր («դու լավագույնն ես, դու տաղանդավոր ես, դու թիվ մեկն ես»), ես հպարտություն եմ զգում, քանի որ մարդիկ գնահատում են իմ կիրքը, ինչ ես սիրում եմ անել: Ես լավ խաղացող եմ, բայց կարծում եմ, որ իմ ուժեղ կողմը մտածողությունն է:

Թվերը չեն ստում: Եթե ​​նայենք վերջին մի քանի տարիների վիճակագրությանը, իմ ցուցանիշները միշտ նույնն են: Ջանքեր, նվիրվածություն ֆուտբոլին, քրտնաջան աշխատանք. միայն տաղանդը  բավարար չէ: Եվ եթե ամեն ինչ չես տալիս, դու չես  հասնի այն մակարդակին, որին ուզում ես հասնել:

Առավոտյան արթնանում եմ, նախաճաշում եմ, խաղում եմ երեխաներիս հետ, հետո գնում եմ մարզասրահ: Միայն 30-40 րոպե, բայց սա հենց այն է, ինչը կստեղծի փոփոխություն: Եթե ​​մի օր բաց ես թողնում, ապա նորից բաց կթողնես: Դա է պատճառը, որ ես 34 տարեկանում 28 տարեկանի տեսք ունեմ»:

Ռոնալդուն մեքենաները գնում է զույգով

Կրիշտիանուն, խոսելով իր մեքենաների մասին, տալիս է մի շարք անուններ՝ երկու Ferrari, երկու Bugatti, երկու McLaren, երկու Rolls-Royce: Սրանք նրա հիմնական սիրելի մակնիշներն են, որոնցից նա գնում է երկու հատ:

Ընդհանուր առմամբ նա ունի 17 մեքենա:

Նա ամբողջությամբ վստահում է միայն 4 մարդու

Ռոնալդուի նման աստղերը պետք է ունենան վստահելի և հուսալի մարդիկ:

«Ո՞ւմ եմ ես ամբողջությամբ վստահում: Ես անուններ չեմ տա, քանի որ դա արդար չէ, բայց նրանք չորսն են: Հարյուր տոկոսանոց վստահություն, ամենայն հավանականությամբ, չորս հոգու: Այո, ես ունեմ ընտանիք, լավ ընկերներ, բայց ում լիովին վստահում եմ` չորս հոգի են: Ինձ թվում է՝ դա բավարար է: Ես իրականում չեմ մտածում այդ մասին, բայց կյանքն այդպիսին է, մենք այդպես ենք ապրում»:

Ջորջինայի հետ սեքսն ավելի լավն է, քան «Յուվենթուսի» դարպասը խփած գոլը

Իհարկե, Ռոնալդուի երեխաների կյանքը չի համեմատվի նրա մանկության հետ:

«Ներկայիս սերունդն ունի ամեն ինչ՝ համակարգիչներ, լավ սնունդ, և նրանք կարիք չունեն որևէ բան զոհաբերելու, որպեսզի հասնեն իրենց ուզածին: Ես ուզում եմ, որ նրանք մի փոքր համբերեն, որպեսզի հասնեն իրենց ուզածին: Իմ քաղցը, հավանաբար, ամենադժվարն էր»,- բացատրել է Կրիշտիանուն:

Ռոնալդուն իր երեխաներին տարել է Լիսաբոն՝ այն տունը, որտեղ նա ապրել է իր կարիերայի սկզբում:

«Նույն մարդիկ էին աշխատում այդ տանը: Դա անհավատալի էր: Աղջիկներն արտասվեցին, երբ տեսան ինձ: Ես կրտսեր Կրիշտիանուին տարա սենյակ և ասացի, որ ես այստեղ եմ ապրել: Նա նայեց ինձ և հարցրեց՝ դու կատակո՞ւմ ես: Նա չէր հավատում: Հիմա նա չի պատկերացնում, թե ես ինչ եմ զոհաբերել: Ես աղոթում եմ, որ կրտսեր Կրիշտիանուն ինձ նման լինի, բայց մեր միջև եղած տարբերությունն ահռելի է: Բայց ամեն ինչ լավ է, ես խուճապի չեմ մատնվում, ես նրա վրա ճնշում չեմ գործադրում, կամ, միգուցե, մի փոքր: Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում»:

Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինան, վերջերս հարցազրույցում ասել էր, որ միշտ քնում է սեքսուալ ներքնազգեստով, քանի որ դա դուր է գալիս Ռոնալդուին:

Կրիշտիանուն համաձայն է. «Դա հաճելի է: Նա հրաշալի անձնավորություն է: Իսկական իմ մի մասն է: Նա ինձ շատ է օգնում: Իհարկե, ես սիրահարված եմ նրան: Նա իմ երեխաների մայրն է: Նա ինձ համար նաև ընկեր է. մենք կարող ենք խոսել, ես կարող եմ պատմել նրան ամեն ինչ: Երևի թե սա իմ կյանքի ամենամեծ սերն է: Դեռ  չեմ կարող ասել, որ մենք կամուսնանանք: Ոչ հիմա, բայց ինչո՞ւ ոչ: Ես չեմ բացառում, որ մի օր դա տեղի կունենա»:

Ռոնալդուն նաև նշել է, որ իր կարիերայի լավագույն գոլերից մեկը՝ «Յուվենթուսի» դարպասը խփած գոլը, չի համեմատվի Ջորջինայի հետ սեքսի հետ:

Հոր հետ տեսանյութ, որը Ռոնալդուն երբեք չէր տեսել

Լրագրող Պիրս Մորգանը Կրիշտիանուին ցույց է տվել մի տեսանյութ, թե ինչպես է նրա հայրը՝ Խոսե Դինիս Աևիրոն, իր մահից որոշ ժամանակ առաջ՝ 2005 թվականին, Նորվեգիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել, որ հպարտ է իր որդու հաջողություններով: Ռոնալդուն առաջին անգամ էր տեսնում այդ տեսանյութը:

«Ես կարծում էի, որ այս հարցազրույցը զվարճալի կլինի, բայց ես չէի սպասում, որ ես լաց կլինեմ: Ես երբևէ չէի տեսել այդ կադրերը, չգիտեմ, թե որտեղից եք գտել… Ես պետք է դրանք ցույց տամ  իմ ընտանիքին: Ես իմ հորը 100 տոկոսով չգիտեի: Նա շատ էր խմում: Ես երբեք նրա հետ իրական զրույց չեմ ունեցել: Դժվար էր»:

Ռոնալդուի և իր հոր հարաբերությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ 168.am-ի անդրադարձում:

Շատ բարդ 2018 թվական՝ սեքս սկանդալի պատճառով

2018 թվականին քննարկվեց հին պատմություն. ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրեց Կրիշտիանուին բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել մոտ տասը տարի առաջ: 2010 թվականին Մայորգան չբողոքելու և այդ մասին հրապարակայնորեն չխոսելու մասին պայմանագիր ստորագրեց խաղացողի փաստաբանների հետ` լռության համար ստանալով 375 հազար դոլար: 2018 թվականին Մայորգան մանրամասն խոսեց ամեն ինչի մասին, սեպտեմբերին ոստիկանությունը վերսկսեց գործը, բայց ապացույցների բացակայության պատճառով այն փակվեց  այս ամառ:

«Չեմ թաքցնի, 2018 թվականն ինձ համար կյանքիս ամենադժվարներից մեկն էր, որը ֆուտբոլի մասին չէր:  Լրատվամիջոցները կասկածի տակ դրեցին  իմ արժանապատվությունը: Սա բարդ է: Ես ընկերուհի ունեմ, ունեմ ընտանիք, երեխաներ: Երբ նրանք զրպարտում են քեզ և կասկածի տակ դնում քո ազնվությունը, դա վատ է, դժվար է:

Հիշում եմ, որ մի անգամ տանը նստած էինք ընկերուհուս հետ և հետևում էինք լուրերին: Այնտեղ նրանք սկսեցին պատմել այդ դեպքի մասին: Ես լսեցի, որ երեխաներն իջնում են ներքև, և արագ փոխեցի ալիքը:  Ես ամաչեցի: Ես պարզապես փոխեցի ալիքը, որպեսզի երեխաները չլսեն, թե որքան վատ են խոսում իրենց հայրիկի և այդ դեպքի մասին:

Ի վերջո, ամեն ինչ լավ է: Օրենքն իր գործն արեց: Եվ ես ուրախ եմ»:

Նա ցանկանում է 6-8 «Ոսկե գնդակ», որ հստակ շրջանցի Մեսսիին

Ռոնալդուի համար ամենակարևոր ռեկորդը «Ոսկե գնդակների» քանակն է: Այժմ նա և իր հիմնական մրցակիցը՝ Լիոնել Մեսսին, ունեն 5-ական «Ոսկե գնդակ»:

«Ես կցանկանայի կոտրել այս ռեկորդը, և կարծում եմ, որ արժանի եմ դրան: Մեսսին հիանալի անձնավորություն է և գերազանց խաղացող, նա հայտնվել է ֆուտբոլի պատմության մեջ, բայց ես հավատում եմ, որ իրեն գերազանցելու համար ես պետք է վեց, յոթ կամ ութ «Ոսկե գնդակ» ստանամ:

Ես չեմ հակամարտում նրա հետ: Շատերը զարմացան, երբ ես խոսեցի նրա հետ ՈւԵՖԱ-ի արարողության ժամանակ: Մենք ընկերներ չենք, բայց 15 տարի է` մենք կիսում ենք նույն հարթակը: Մենք լավ հարաբերություններ ունենք: Նա ինձ ավելի լավն է դարձնում՝ որպես ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել եմ: Այո, միանշանակ»:

Նրա գերեզմանաքարին պետք է գրված լինի՝ «Համար մեկ»

«Ես ուզում եմ հիշվել՝ որպես պատմության լավագույն խաղացողներից մեկը: Լավագույնը կամ դրանցից մեկը՝ կախված է մարդկանց ճաշակից: Ես չեմ կարող ղեկավարել այն, ինչ սիրում են մարդիկ: Ինչ-որ մեկը սիրում է մեկ խաղացողի, մեկը՝ ուրիշին: Վստահ եմ, որ ես պատմություն եմ կերտել ֆուտբոլում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ ես արել եմ և շարունակում եմ անել:

Գիտեմ, որ կմնամ ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես բոլոր ժամանակների լավագույններից մեկը: Ես ինձ համարում եմ թիվ մեկ, բայց ինչ-որ մեկի համար ես երկրորդն եմ: Կապ չունի: Բայց ես գիտեմ, թե ինչն է արդեն պատմության մեջ: Ես ուզում եմ, որ այն գրված լինի իմ գերեզմանաքարի վրա՝ «Թիվ մեկ»: Ոչ թե «թիվ յոթ», այլ՝ «թիվ մեկ»:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր