ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ իր «քաջագործությունների» շնորհիվ, հերթական անգամ աչքի է ընկել իր գործունեությամբ։ Այս անգամ պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխատանքում, որն «Իմ քայլի» պատգամավորներից դեռ ոչ բոլորի մոտ է ստացվում։ Նա, թերեւս մտածելով, որ եթե ինքը կարողացել է մասնակցել հեղափոխությանը եւ քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտպանել նրան հավանական վտանգներից, հետո էլ պատգամավորի մանդատ ստանալ, օրենք գրե՞լն ինչ է, որ չկարողանա։ Եվ, ահա, մի գրանդիոզ առաջարկությամբ է հանդես եկել՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագիծը, ի դեպ, արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդունվել առաջին ընթերցմամբ եւ շուտով կքննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ։
Հայկ Սարգսյանին այս նախագիծը թերի եւ ոչ լիարժեք է թվացել, եւ նա հանդես է եկել որոշ դրույթներ փոխելու առաջարկով։ Ամենատպավորիչը 5-րդ կետին վերաբերող առաջարկն է․ «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաեւ հեռախոսազանգով խաղադրույք կատարելը եւ «դու խաղադրույքն ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»։
Եվ սա գրել է՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը նեղսրտում է, երբ իրեն «ախրաննիկ» են անվանում, ավելին՝ նույնիսկ դատի է տալիս իրեն այդպես անվանողներին։ Իհարկե, մենք կարող ենք պատկերացնել եւ համակերպվել, որ Հայկ Սարգսյանն «ախրաննիկ» չէ, անգամ ներողություն խնդրել նրան այդպես անվանելու համար, բայց արդյոք կարո՞ղ ենք պատկերացնել, որ նման բովանդակությամբ առաջարկ անողը կարող է պատգամավոր լինել։
Ամբողջությամբ՝ hraparak.am