ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոս Անջելեսում վարչապետի հայտարարությանը՝ եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ, նշեց, որ, եթե խոսքը վերաբերում է Հայոց եկեղեցուն, ապա այն ներկայացնում է հայոց ազգը, և նրա զավակները՝ հանձին իրեն, պաշտպանում են եկեղեցին:
Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա, ըստ Վարդան Ղուկասյանի, եթե վարչապետը խոսում է անհատի մասին, ապա գիտի՝ ինչ է ասում:
«Որևէ պետություն, մոնղոլ, թաթար, սելջուկ կամ պարսիկ չի կարողացել Հայոց եկեղեցուն ծնկի բերել: Չեմ պատկերացնում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը ամբողջ Հայոց եկեղեցու համար բան խոսի, հավանաբար խոսքը մեկ կամ երկու անհատի մասին է: Եթե առանձին հոգևորականների մասին է, ես էլ եմ դրան կողմնակից, օրինակ՝ ես շատ հոգևորականների հետ չունեմ և չեմ էլ ուզել, որ նրանք հոգևորական լինեն: Ով Հայոց եկեղեցուն կպնի՝ ես նրան դեմ եմ»,- նշեց Վ. Ղուկասյանը:
Նրա համար անհասկանալի է, թե ով է ասել, որ եկեղեցականները ցանկանում են Կառավարության «ոտքի տակը քանդել»:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այցելել կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ, եթե այցելի, ապա դրա մասին բոլորը կիմանան:
«Ինձ տեսնելուց ամեն անգամ Ռոբերտ Քոչարյանից եք հարցնում, ասել եմ՝ նրան հարգում եմ, մենք միասին վերականգնել ենք աղետի գոտին, հաղթանակել է պատերազմում: Այս մասին էլ չենք խոսում»,- նշեց նա:
«Ի՞նչ է փոխվել Գյումրիում հեղափոխությունից հետո» հարցին Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ ասֆալտապատումը կարծես թե առաջ է գնում, չնայած մի քիչ կաղում է:
Անդրադառնալով իր հարստությանը՝ պատգամավորն ասաց, թե չորրորդ դասարանից աշխատում է և չի ընկել «շառ ու շուռի» մեջ:
«Ես էլ, եղբայրս էլ աշխատել ենք, բայց հիմա վարկերի տակ ենք, ուղղակի գայլերին թողել եք, ընկել եք ուրիշների հետևից»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:
Զվարթ Խաչատրյան