Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է հոկտեմբերի 3-ը: Այս առիթով Vnews-ն իր ընթերցողին է ներկայացնում օրվա հերոսի մասին ծավալուն այս հոդվածը:
Ջիգարխանյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված է իր կռվավար դերերով, անհաշտ ու շիտակ մարդու կերպարներով: Նա բազմաթիվ հայ և ռուս ռեժիսորների այցեքարտն է համարվել ու համարվում մինչ այսօր, թեպետ առողջական խնդիրների պատճառով դերասանն այլևս չի նկարահանվում, բայց ինչպես ինքն է ասում՝ ուշադիր հետևում է թատրոնի ու կինոյի անցուդարձին: Ջիգարխանյանը հայտնի է ոչ միայն որպես կինոյի դերասան, նա մեծ ու հրաշալի թատերական ուղի է անցել: Մոսկվայում երկար տարիներ դասավանդել է դերասանական վարպետություն, ավելին՝ հիմնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ «Театр Д» անվանմամբ:
Մանկություն և պատանեկություն
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան ընտանիքում երկրորդ երեխան էր: Երբ Ջիգարխանյանը վեց ամսական էր, հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:
Արմեն Ջիգարխանյանը մանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն հաջախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:
Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝ դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝ չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը մեծացել էր ռուսալեզու միջավայրում և կատարելապես գիտեր լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է տուն և 17 տարեկանից սկսում է աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:
2 տարի շարունակ Ջիգարխանյանը խնամքով պատրաստվում էր ընդունելության քննություններին: Երիտասարդը որոշում է այլևս ռիսկի չդիմել, ուստի մնում է Երևանում և փորձում է ընդունվել Արվեստի և թատրոնի ինստիտուտ, որտեղ էլ հանձնում է ընդունելության քննությունները: Ջիգարխանյանի դերասնական կենսագրությունը սկսվում է ընդունելությունից անմիջապես հետո:
Թատրոն
Նույնիսկ ինստիտուտի 1-ին կուրսում սովորելիս՝ 1955 թվականին Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ հայտնվում է պրոֆեսիոնալ բեմ՝ խաղալով էպիզոդիկ դեր՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Իվան Ռյբակով» պիեսում: Երիտասարդ դերասանն անմիջապես սիրահարվում է հանդիսատեսին, ուստի 12 տարով ընդգրկվում է թատերախմբում, որի ընթացքում թատրոնում կատարում է ավելի քան 30 դեր:
Հիմնական դերակատարումները չէին տրվում դերասանին, բայցևայնպես Ջիգարխանյանին հաջողվում էր փայլուն մարմնավորել արտառոց դերակատարումները, որոնց իրականացման համար դերասանին շատ օգնում էր տարբերվող արտաքինը: Արմեն Ջիգարխանյանն ավարտել է թատերական ինստիտուտը 1958-ին ՝ հասցնելով արդեն հայտնի լինել մի քանի կերտած դերակատարումներով:
Ամբողջությամբ՝ vnews.am