Գյումրու ավտոմաքսատան շահագործումը կհետաձգվի մեկ շաբաթով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրու ավտոմաքսատան շահագործումը կհետաձգվի մեկ շաբաթով

Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա SHANTNEWS-ին ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն: Պատճառները, ըստ ՊԵԿ նախագահի, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվել, ավելացել է նախատեսված աշխատանքների ծավալը:

«Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 18-ին բացումը կազդարարենք: 1 շաբաթով մենք հետաձգում ենք, որովհետև օբյեկտիվորեն չենք հասցնում: Հոկտեմբերի 11-ն էր նախանշված ժամկետը, մեկ շաբաթով հետաձգում ենք: Հենց այսօր այդ որոշումը կայացրինք: Ֆիզիկապես չենք հասցնում։ Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվները պետք է գնահատենք, իսկ սուբյեկտիվները շատ արագ հարթելու ենք այսօր և վաղը:

Շինարարության ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Այսինքն՝ մեր սպասվածից մի քիչ ավելի տեմպը դանդաղել է: Օբյեկտիվ պատճառներից եղանակային պայմաններն էին, որ մի պահ, մի քանի օրով մեզ հետ գցեցին: Նաև ուղղակի աշխատանքային ծավալների ավելացում եղավ: Սկզբում եթե շենքային հարմարությունները 800 մետրի մասին էին, ապա հիմա արդեն խոսում ենք 4000 մետրի շենքային հարմարությունների մասին, որովհետև ֆունկցիոնալ առումով հընթացս բավականին շատ բան ենք փոխել»,- SHANTNEWS-ին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ամբողջությամբ՝ shantnews.am



Նման նյութեր