«Դինգո թիմը» նոր նախագիծ է իրականացնում, որի շրջանակներում երեխաներին հեքիաթների միջոցով ներկայացնելու են փրկված կենդանիների պատմությունները:
այաստանում կենդանիների պաշտպանությամբ պետությունը չի զբաղվում, փոխարենն այդ պարտականությունն իրենց վրա են վերցրել բարեգործական կազմակերպություններն ու կենդանասերները: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը:
«Բարեգործների և կենդանասերների շնորհիվ Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը 10 տարի առաջվա համեմատ փոխվել է դեպի դրականը, բայց այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի՝ օրենք գործի և ոստիկանությունն էլ հավուր պատշաճի զբաղվի խնդրով»,-ասաց նա:
Հովսեփյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հաճախ է կենդանիների նկատմամբ դաժան դեպքերի ականատես լինում:
«Դեպքեր եմ հիշում, երբ կրակել էին կենդանու 4 ոտքին և թողել, որ նա տանջամահ լինի: Կացնահարել էին շանը, կրակել էին մեկ ամսական ձագուկներին, ինչն առհասարակ ինքնապաշտպանության հետ աղերս չունի»,-ասաց նա և հավելեց, որ առանձին դեպքերով դիմում են ոստիկանություն, որպեսզի քաղաքացիները քաշքշուկի մեջ ընկնեն, հայտնվեն ոստիկանությունում և գոնե այդպես մի փոքր զգաստանան:
Ասուլիսին ներկա կենդանապաշտպան Նարե Արամյանի խոսքով՝ այժմ Հայաստանում ոչ միայն իսպառ բացակայում է օրենսդրական դաշտը, այլև չկան այն ռազմավարական ծրագրերը, որոնք առանձին կենդանիների դեպքում հնարավոր կդարձնեն խնդրի կարգավորումը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am