Վիճաբանություն «Դիանա» համալիրում. ըստ փոխոստիկանապետի՝ Բուդաղյանը բաժանողի դերում է եղել. armtimes.com
Advertisement 1000 x 90

Վիճաբանություն «Դիանա» համալիրում. ըստ փոխոստիկանապետի՝ Բուդաղյանը բաժանողի դերում է եղել. armtimes.com

Նոյեմբերի 12-ին վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրում: Ոմն Լեւոն Բաղդասարյանի ծննդյան արարողության ժամանակ վիճաբանություն է սկսվել հոբելյարի եւ հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Վաչագան Գալստյանի միջեւ: Վիճաբանությունը վերաճել է ծեծի, միջադեպին խառնվել է ոստիկանությունը: armtimes.com-ի տեղեկություններով դեպքի վայրում տեսախցիկ է եղել, որն արձանագրել է տեղի ունեցածը:

Դեպքի մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել է միայն երեկ: Համաձայն այդ հրապարակումների՝ վիճաբանությանը եւ ծեծկռտուքին մասնակից են եղել հայտնի Բուդաղյան եղբայրները՝ Արտակը եւ Արայիկը:

Արայիկ Բուդաղյանը մեզ հետ զրույցում հերքեց միջադեպին իր մասնակցությունը. «Սուտ է, Բուդաղյաններն ընդհանրապես կապ չունեն էդ գործի հետ: Գրված է, որ Արտակն էլ ա էնտեղ եղել, Արտակն ընդհանրապես այդտեղ չի եղել, այդ օրն էլ Գորիսում չի եղել»,- ասաց Արայիկ Բուդաղյանը:

– Իսկ դուք եղե՞լ եք ռեստորանում:

– Եղել եմ, կողքի մարդ եմ եղել:

– Իսկ ովքե՞ր էին վիճում:

– Այդ հարցին չեմ կարող պատասխանել, իրավաբանս կասի:

– Ձեզ ոստիկանություն կանչե՞լ են միջադեպի հետ կապված:

– Ինձ որպես վկա են կանչել:

– Իսկ դուք ականատես եղե՞լ եք վիճաբանության, ծեծկռտուքի:

– Հա, վկա եղել եմ, հեռվից տեսել եմ:

Բուդաղյանի փաստաբան Ռոբերտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց նույնը, ինչ Բուդաղյանը: Նա ընդգծեց, որ դեպքին Բուդաղյանների մասնակցության վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Էդ մարդը որեւէ բանի հետ կապ չունի: Ոստիկանությունից կարող եք ճշտել»,- ասաց նա:

Ոստիկանության Գորիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բակունցը մեզ հետ զրույցում ասաց, որ «Դիանա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպով հետաքննություն է ընթանում, տեսախցիկներն առգրավվել են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: