Հարցազրույցը մամուլում հայտնվել է մեծ դերասանի մասնագիտական գործունեության 60-ամյակի առթիվ:
Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի լրագրող Վալերի Տրիերվեյլերի և Ալեն Դելոնի զրույցից:
…Հիշելով իր կյանքը, դերերը, ընկերներին և ընտանիքը, Ալեն Դելոնն ասաց. «Հիմա կյանքից բան չեմ ստանում: Ամեն բան տեսել եմ: Վերապրել եմ: Բայց ամենակարևորը, ատում եմ այս ժամանակները: Դրանից սիրտս խառնում է»:
«Ատում եմ այս մարդկանց. ամեն բան կեղծ, սուտ… Հարգանք ասածն այլևս գոյություն չունի, ոչ ոք իր խոստումը չի կատարում: Միայն փողն ունի արժեք: Ամեն օր, առավոտից երեկո, լսում ենք միայն և միայն հանցագործությունների մասին: Մի բան գիտեմ՝ այս կյանքից կհեռանամ առանց ափսոսանքի…»:
Դելոնը պատմեց իր ընտանեկան կյանքի ձախողումների, բարդ հարաբերությունների մասին… կանանց, որոնց սիրել է, ընկերներին, որոնցից շատերն արդեն չկան: Ինչպես ինքը՝ դերասանն է խոստովանում, նրա կյանքում հատուկ տեղ են զբաղեցնում շները: Նրա տան այգում, որը Փարիզի արվարձաններից մեկում է, թաղված են շուրջ 50 շուն: Նրանց կողքին էլ կուզի հանգչել ինքը՝ Ալեն Դելոնը…
Կանանց մասին՝ մեկ խոսքով. «Չեմ գտել այն էակին, որ ասեմ, ահա՝ ՆԱ է»:
«Թեկնածուների պակաս երբևէ չեմ զգացել, տասից ավել են… բայց նրանցից ոչ մեկի հետ չեմ ցանկանա ապրել վերջին տարիները, որ մնացել է ինձ: Կամուսնանայի միայն այն մարդու հետ, որը կհոժարեր հետս լինել մինչև վերջ…»:
Դերասանական կարիերան Ալեն Դելոնը չի համարում ավարտված: Վերջին ֆիլմը նկարահանել է Պատրիս Լեկոնտը: Գլխավոր դերերում Ալեն Դելոնն է և Ժուլիետ Բինոշը: Դելոնն ուզում է նաև հանդես գալ թատրոնում:
Թատերական վերջին դերը՝ հոր դերը, խաղացել է դստեր՝ Անուշկա Դելոնի հետ:
«Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, քանի որ թատերական կրթություն չունեմ: Դրա համար ոչինչ չարեցի: 14 տարեկանում հեռացել եմ դպրոցից, իսկ հետո մեկնել եմ բանակ: Ես այդ իմաստով նման եմ Ժան Գաբենին, Լինո Վենտուրային կամ Բերթ Լանկաստերին: Եվ առանց ամաչելու կարող եմ ասել, որ հաջողել եմ:
Երբեք չեմ երազել արտիստի կարիերայի մասին: Ինքն իրեն է ստացվել: Ես չեմ ծնվել, որ դառնամ Ալեն Դելոն: Վաղուց պետք է մեռած լինեի: Բայց ճակատագիր է, ոչինչ չես անի»:
kakao.im
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը