ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին։ Հանդիպմանը ներկա են գտնվել Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Հանդիպմանը տիկին Էգերթը պատմել է Երևան կատարած իր այցի մանրամասները, ներկայացրել Արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումներն ու ստացած տպավորությունները։
«Պետք է ասեմ, որ ես շատ զարմացած եմ։ Ես եկել էի որպես զարգացած բժշկություն ունեցող երկրից, բայց այն ինչ տեսա այստեղ՝ հրաշալի է, շատ զարգացած է և մանկական ուռուցքաբանության ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բժիշկները շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Անգելիկա Էգերթը՝ առանձնահատուկ շեշտելով հանգամանքը, որ մեկ կենտրոնում են գործում մանկական արյունաբանական կենտրոնը և մանկական ուռուցքաբանության կենտրոնը։ Ըստ տիկին Էգերթի, Գերմանիայում նման կենտրոն չկա և Գերմանիան պետք է Հայաստանից վերցնի այդ փորձը, որը շատ արդյունավետ է։
«Շատ ուրախ եմ ձեր գնահատականների համար։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դա մեր բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք նման մակարդակ»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ավելի մանրամասն՝ annahakobyan.am կայքում