Կրթությունը զարգացման հիմք. Մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովը
Advertisement 1000 x 90

Կրթությունը զարգացման հիմք. Մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովը

Երիտասարդների զարգացմանն ուղղված նոր մոտեցումները ներկայացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» (Living smart-empowering youth) խորագրով համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:

Համաժողովը ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ է կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է. այն շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է»,- նշեց նախագահը:

Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորեց ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: «Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, որի վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, որն իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»,- շեշտեց Սարգսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ կրթության և նորարարության փոխկապակցվածության խնդրին. «Մարդկային կապիտալի զարգացման հետ կապված ծրագրերը, որոնց թիրախում երիտասարդներն են, մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Այսօր մենք քայլ ենք կատարում դեպի այլ դարաշրջան, որտեղ կրթության հարացույցի մեջ կատարվել են կարևոր փոփոխություններ` կրթության մասսայականացում, բաց դասընթացներ, կրթական կենտրոնների տեղաշարժեր, ապակենտրոնացում: Մասնագիտությունները, կրթական ծրագրերի միջև ջրբաժաններն այլևս ընդգծված չեն: Երբ մենք երազում ենք ապագայի մասին, պետք է հասկանանք, որ այն վաղվա համար չէ: Մենք նախագծում ենք ապագան` բոլորս միասին` արհեստավարժ մասնագետներով, երիտասարդներով, որոնք աջակցում են միմյանց նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Մենք պետք է ոչ թե ձգտենք զարգացման, այլ ինքներս դառնանք այդ զարգացումը»,-ընդգծեց Արևիկ Անափիոսյանը:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն էլ նշեց, որ ցանկանում են հնարավորություններով զինել երիտասադրներին: «Մենք պետք է  նոր հնարավորություններ ընձեռենք երիտասարդներին: Այդ նպատակով  առաջնահերթ ենք համարում համագործակցությունը կրթության նորարարության բնագավառում, թվայնացման ոլորտում»,- ասաց դեսպանն ու շեշտեց, որ Հայաստանն ընթանում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, ու Եվրոպական  միությունը աջակցում է Հայաստանին:

«Ձեր կապիտալը երիտասարդներն են. նրանք են կառուցում ձեր ապագան, ուստի անհրաժեշտ է նրանց որակյալ կրթություն տալ»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Միջոցառումը բաղկացած էր չորս թեմատիկ պանելներից, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տասը տարվա ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության շրջանակում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին: Քննարկվեցին կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:

Համաժողովը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:



Նման նյութեր