Գործարկվել է EU4Armenia հարթակը
Advertisement 1000 x 90

Գործարկվել է EU4Armenia հարթակը

Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի և համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:

Շնորհավորելով և ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահին, դեսպաններին և մյուս հյուրերին՝ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:

«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարևորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, և համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,- նշել է նախարարը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար »,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ գործունեության ուղղությունների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից և դրանց շահառուներից:



Նման նյութեր