Նորմայում մարդու մարմնի մաշկը պետք է հավասարապես խոնավ լինի բոլոր հատվածներում, եւ եթե դուք չափից դուրս չոր մաշկ ունեք, օրինակ, արմունկների հատվածում, դա կարող է խոսել որոշակի հիվանդությունների մասին:
Հիպերկերատոզ
Սա արմունկի մաշկի կոշտացումն է, որը կարող է ուղեկցվել պիգմենտացիայով եւ թեփոտմամբ: Հիպերկերատոզ կարող է առաջանալ մաշկի վրա մեխանիկական ազդեցության հետեւանքով՝ օրինակ սեղանի շուրջ նստած արմունկի վրա հաճախակի ճնշում գործադրելով:
Դերմատոլոգիական հիվանդություններ
Հաճախ արմունկների չոր մաշկը կարող է վկայել ատոպիկ դերմատիտի մասին: Ընդհանրապես, չոր մաշկը բնորոշ է ալերգիկ վիճակներին՝ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ռինիտ եւ այլն: Երբեմն էլ արմունկներին կարող են հայտնվել պսորիազի օջախներ:
Էնդոկրին խանգարումներ
Մաշկի գերչորությունը, այդ թվում՝ արմունկների հատվածում, կարող է հորմոնալ ֆոնի խախտման հետեւանք լինել: Բանն այն է, որ մաշկի ճարպագեղձերն ունեն պաշտպանողական ֆունկցիա: Դրանց արտադրությունը տեղի է ունենում սեռական ստերոիդային հորմոնների շնորհիվ, որոնցից են էստրոգենները եւ անդրոգենները: Եթե այդ հորմոնները քիչ են արտադրվում, մաշկը սկսում է չորանալ: Դա կարող է տեղի ունենալ էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաեւ վիտամինների (А, D3, B1, В2, В3, В6) պակասի արդյունքում: