Նա նաև չեղյալ է հայտարարել հայրենի «Նյուելս Օլդ Բոյսում» կարիերան ավարտելու նախագիծը։
Լիոնել Մեսսին կատալոնական RAC1 ռադիոհեռուստատեսության եթերում խոսել է «Բարսելոնայի» հետ իր հարաբերությունների մասին:
Հարկերի պատճառով նա կարող էր լքել «Բարսելոնան», բայց ցանկանում է այստեղ ավարտել կարիերան
«Եղել են ժամանակներ, երբ որոշակի հանգամանքների բերումով ես ամբողջովին սպառված էի զգում: Ես որոշակի խնդիրներ ունեի հարկային ծառայության հետ կապված՝ հատկապես 2013-2014 թվականներին:
Դժվար ժամանակ էր ինձ և ընտանիքիս համար: Մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ: Իմ գործն առաջինն էր, այնպես որ, շատ ծանր էր: Լավ է, որ այդ ժամանակ երեխան դեռ փոքր էր, ոչինչ չէր հասկանում: Հենց այդ դժվարին պահին ես մտածում էի Իսպանիայից հեռանալու մասին: Ես շատ տարբերակներ ունեի, բայց ոչ կոնկրետ առաջարկներ: Բայց այդ մտքերն այն պատճառով չէին, որ ես ցանկանում էի լքել«Բարսելոնան», այլ այն պատճառով, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ:
Դեռևս ինձ համար գլխավորը այստեղ մնալն է: Միշտ մտածում էի դրա մասին, ոչինչ չի փոխվել: Ցանկանում եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում», դա ակնհայտ է: Սա ոչ միայն ակումբի հանդեպ իմ զգացմունքները, այլ նաև իմ ընտանիքն է: Ես չեմ ուզում փչացնել երեխաներիս ընկերությունը: Մենք կարող ենք հավերժ մնալ այստեղ:
Միշտ երազում էի «Նյուելս Օլդ Բոյս» վերադառնալ: Արգենտինայի ֆուտբոլը զգալիորեն տարբերվում է աշխարհի մնացած մասերից: Բայց երբեմն պետք է առաջնահերթություն տալ ընտանիքին:
Ես ամեն տարի գնահատում եմ իմ վիճակը, մտածում եմ, թե կկարողանա՞մ շարունակել խաղալ: Ես արդեն այն տարիքում եմ, երբ սկսում ես հաշվի առնել տարիքը: Տրամաբանական է, որ մի օր կհասկանամ, որ չեմ կարողանա անհրաժեշտության դեպքում շարժվել: Բայց քանի դեռ կարող եմ, ուզում եմ մրցել»:
Մեսսին չի սիրում, երբ իրեն Աստված են ասում, իսկ փոքր որդին էլ գտել է նրան «պատժելու» տարբերակը
«Դա ինձ չի անհանգստացնում, բայց ինձ դուր չի գալիս: Ես դա հարգում եմ։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա ասում են՝ առանց չարամիտ մտադրությունների, բայց սա չափազանցություն է: Բացի այդ, իմ երեխաները լսում և կրկնում են ամեն ինչ: Լավ չէ, որ նրանք լսել են նման բան:
Իմ միջնեկ որդին՝ Մատեոն, սիրում է զայրացնել ավագ եղբորը՝ Տիագոյին, օրինակ՝ նա բարձրաձայն նշում է «Ռեալի» գոլերը՝ նյարդայնացնելով Տիագոյին: Երբ մենք ֆուտբոլ ենք խաղում, նա միշտ ասում է, որ նա այն թիմն է, որին մենք պարտվել ենք։ Օրինակ՝ «Լիվերպուլը»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից, կամ «Վալենսիան»՝ գավաթի եզրափակչից հետո:
Երբ Մատեոն իրեն վատ է պահում, և ես նրան անկյուն եմ կանգնեցնում, նա դուրս է վազում և բարձրաձայն գոռում. «Անկյունայինը արագ խաղարկված է, Օրիջի» (Հիշելով «Լիվերպուլի»՝ «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը)։
Տրանսֆերների մասին. նա կարծում էր, որ Նեյմարը կգնա «Ռեալ», իսկ Գրիզմանը լավն է հարմարվում
««Բարսելոնայում խաղալը հեշտ չէ: Ամեն ոք, ով չի մեծացել «Բարսայի» փիլիսոփայության մեջ և չգիտի մեթոդները, դժվար է հարմարվում: Գրիզմանն այլ կերպ էր խաղում, բայց մենք կասկած չունեինք, որ նա հարմարվում է թիմում, քանի որ նա խելացի խաղացող է: Այն փաստը, որ ես իբր չէի ցանկացել նրան տեսնել թիմում, ճշմարտացի չէ: Ինչպես ասացի, նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և մենք ցանկանում ենք թիմում տեսնել այդպիսի ֆուտբոլիստների: Ես ոչ մի անհարմարություն չեմ զգացել:
Այդ պատճառով ես ուզում էի Նեյմարին տեսնել թիմում: Նա աշխարհում լավագույններից մեկն է: Եթե մենք նրան ստորագրեինք, բոլոր մրցաշարերում հաղթելու մեր հնարավորությունները կավելանային: Ես հասկանում եմ, որ լրագրողները առաջին հերթին նայում էին այլ բաների, թե ինչպես է նա հեռացել, և սա տրամաբանական է: Բայց ես կցանկանայի նրան տեսնել թիմում, եթե խոսենք մարզական բաղադրիչի մասին:
Նեյմարը զղջացե՞լ է հեռանալու համար: Նրան ճանաչելով` ես այդպես եմ կարծում: Ես իրականում կարծում էի, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը կգնա «Ռեալ», եթե նա չգա մեզ մոտ: Նա իսկապես ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, նա ցանկանում էր փոփոխություն և հավատում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ինչ-որ բան կանի իրեն ստորագրելու համար: Եվ ես կարծում եմ, որ հաջորդ տարի «Ռեալ» կամ «Բարսա» տեղափոխվելու հնարավորությունը մնում է»:
Ակումբի ղեկավարության վրա ազդեցություն ունենալու և լուրջ խոսակցությունների մասին
«Պիկեն շատ խելացի և պարզ մարդ է: Նա ասում է այն, ինչ մտածում է, բայց չի մտածում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իր խոսքերը: Նա անկեղծ է և միշտ փորձում է պարզ խոսել: Նա լավ և ուրախ անձնավորություն է:
Ես չգիտեմ, թե ինչ է նա ասել «Խետաֆեի» հետ խաղից հետո (պատվերով գրող լրագրողների մասին): Նա ոչ մեկին և ոչ էլ ինձ ոչ մի բան չի բացատրել: Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում, բայց ես չէի անի դա, այս պահին դա անտեղի հայտարարություն էր: Իհարկե, մենք ակումբում ոչինչ չենք սահմանում: Դա բազմիցս ապացուցվել է: Հաճախ եմ լսում, որ որոշում եմ, թե ում է պետք գնել, ում վաճառել, և ով կլինի մարզիչը: Պետք է սովորենք ապրել դրա հետ: Այո, մեզ հետ խորհրդակցեցին, երբ Գրիզմանին գնեցինք, մենք կարծիք հայտնեցինք: Մենք խոսում ենք թիմի օգտի համար, բայց որոշում չենք կայացնում:
«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո մենք Բարտոմեուի հետ չխոսեցինք: Սա ինձ չի անհանգստացնում: Անհրաժեշտության դեպքում մենք կխոսենք առանց որևէ խնդիրների»:
Նա ցանկանում էր, որ Կրիշը մնա Իսպանիայում, բայց «Ռեալը» արդեն իսկ ուժեղ է
«Ես կցանկանայի, որ Կրիշտիանուն մնա «Ռեալում», քանի որ նա Լա Լիգայի, Կլասիկոյի և հակամարտության առավելություն էր:
«Ռեալի» մոտ ամեն ինչ լավ կլինի, այս թիմը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Իհարկե, նրանց պակասում է Կրիշտիանուն, ցանկացած թիմ նրա կարիքն ունի»:
Լավագույն Մեսսին Գվարդիոլայի ժամանակ էր
«Ամեն տարի ամեն ինչ անում եմ առավելագույնս: Բայց ես կարծում եմ, որ Գվարդիոլայի ժամանակաշրջանը առանձնահատուկ էր: Ես զգալիորեն աճեցի՝ որպես խաղացող: Դժվար է անվանել կարիերայի լավագույն պահը, ես նրանցից շատերն ունեցել եմ իմ կյանքի տարբեր փուլերում: Թերևս Գվարդիոլայի ժամանակաշրջանն ամենալավն էր ինձ համար՝ և՛ որպես խաղացող, և՛ ընդհանրապես: Նա Եվրոպայի լավագույն մարզիչն է: Լուիս Էնրիկեն շատ մոտ է: Եվ ես լավագույն գոլը խփեցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում`գլխով:
Ակնհայտ էր, որ առանց Խավիի և Ինիեստայի՝ մեզ համար հեշտ չի լինի: Նրանք անփոխարինելի են: Մենք գնդակի 90% տիրապետում ունեինք, այն վերադարձնում էինք հինգ վայրկյանում: Հասկացանք, թե ինչ է մեզ սպասվում, լավ կիսապաշտպաններ ունեինք, բայց Խավին և Ինիեստան եզակի են: Այսպիսով, մենք փոքր-ինչ փոխեցինք թիմի համակարգը և փիլիսոփայությունը, որպեսզի նրանց հեռանալուց հետո ամեն ինչ աշխատի:
Կարծում եմ, որ Խավիի մարզիչը շատ նման կլինի Գվարդիոլային և կհետևի նրա ճանապարհին: Ես չգիտեմ, արդյո՞ք նա ինձ հետ կաշխատի՝ որպես «Բարսայի» խաղացող: Նա դեռ ձևավորվում է՝ որպես մարզիչ»:
Սիրարփի Աղաբաբյան