Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խտրականություն չդրսևորել` պայմանավորված հիվանդությամբ: Ներկայացնում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը.
«Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու բուժումը համընդհանուր մատչելի է: Այդ ծառայությունները հասանելի են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտոնում մեր երկրի քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջների:
Մինչդեռ ՄԻԱՎ վարակով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց հանդեպ խարանի և խտրականության դեպքերը խոչընդոտում են հիվանդության կանխարգելման, խնամքի և բուժման ծառայությունների տրամադրման ճանապարհին:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ՄԻԱՎ-ի տարածումը կանխարգելելու, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խտրականության նվազեցման և, ընդհանուր առմամբ, պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով` 1997թ.-ին ընդունվել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծել պաշտպանելու և կյանքի կոչելու ՄԻԱՎ-վարակակիր կամ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքները` ամրագրված միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ:
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը փաստում է, որ խտրականությունը, որը կունենա ցանկացած հիմք` սեռային, ռասսայական, մաշկի գույնի, էթնիկական ու սոցիալական ծագման, գենետիկ գործոնների, լեզվական, կրոնական կամ հավատալիքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, ունեցվածքի, ծննդի, սահմանափակ կարողությունների, տարիքային կամ անձնական ու սոցիալական այլ հանգամանքների` պետք է արգելվի: Մեկ այլ օրենքով` «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում:
Հետևաբար, մեկ անգամ ևս կոչ ենք անում բացառել ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող ինչպես նաև ցանկացած այլ հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, պահպանել նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և չտարածել խուճապ բնակչության շրջանում»: