Շուշիի վերին մզկիթն Արցախի պատմական ժառանգության անբաժանելի մասն է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն, մեկնաբանելով Շուշիի մզկիթում վերանորոգման աշխատանքների ավարտի մասին տեղեկությունը, վերականգնումն անվանել էր «Ադրբեջանի տարածքում նյութական, մշակութային և կրոնական հուշարձանների յուրացման և դրանց ծագման փոփոխության վերաբերյալ գրավյալ երկրի քաղաքականության մի մաս»։
«Մզկիթի վերականգնումը շատ ուրախալի նորություն է։ Այսօր այն օրն է, երբ նշվելու է վերանորոգման աշխատանքների ավարտը։ Համապատասխան միջոցառում կլինի», – ասաց Նաղդալյանն ի պատասխան Sputnik Արմենիայի` Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Նա նշեց, որ Շուշին Արցախի հնագույն քաղաքներից մեկն է, իսկ Վերին մզկիթը` քաղաքի պատմական ժառանգության անբաժան մասը։
«Արցախի իշխանությունները շարունակական քայլեր են իրականացնում պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և վերականգնելու ուղղությամբ։ Այսօրվա միջոցառումը սրա վառ ապացույցն է»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Երևանն ու Ստեփանակերտը մշակութային հուշարձանները վերականգնելու հարցի առնչությամբ որևէ խտրականություն չեն ցուցաբերում։ Հայերը տարբեր մշակույթ և կրոն ունեցող ժողովուրդների հետ խաղաղ գոյատևման հազարամյա փորձ ունեն։
Մշակութային ժառանգության պահպանումը, նրա խոսքով, բոլոր գործընկերների հետ իրականացվում է փոխադարձ հիմքով։
«Մենք անտեղի ենք համարում բոլոր այդ հայտարարությունները (Ադրբեջանի ԱԳՆ–ի,–խմբ.)։ Մասնավորապես, երբ մենք անձամբ ենք ականատես եղել մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։ Եվ լավ ենք հիշում, թե ինչպես էին ոչնչացվում հիանալի հայկական խաչքարերը, եկեղեցիները` Նախիջևանում և Ջուղայում», – նշեց Նաղդալյանը։
Նշենք, որ Շուշիում ավարտվում են 19–րդ դարի Գյովհար Աղայի Վերին մզկիթի վերականգնողական աշխատանքները։ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) հետ համատեղ Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը սկսել են իրականացնել 2014 թվականին։