ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով թրոմբոլիտիկ անվճար բուժումը հասանելի դարձնել նաև մարզերում: Լրագրողների հետ զրույցում այս մտադրության մասին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում ծրագիրը տարածել նաև մարզերում:
«Ունենք ծրագրեր, որ մարզերում լինի միայն թրոմբոլիզ, իսկ Երևանում՝ թրոմբոլիզ և թրոմբէկտոմիա: Սակայն պետք է հաշվենք, հասկանանք, թե հավելյալ որքան գումար է անհրաժեշտ: Կարծում եմ, որ այս տարի ծրագիրը կփակենք մոտ 500 մլն դրամով՝ այսինքն այդքան գումար ծախսած կլինենք ծրագրի համար»,- ասաց նախարարը:
Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով ԱՄՆ-ից ժամանելու են մասնագետներ, ովքեր օգնելու են իրենց այդ հարցում: Նախարարը նշեց՝ նաև պետք է տեսնեն, թե արդյոք մարզային հիվանդանոցների նյարդաբանական բաժանմունքները պատրաստ են այդ ծառայության մատուցմանը: Մարզերում թրոմբոլիտիկ բուժումը սկսելու համար որպես հավանական տարբերակներ են մտածում Գյումրիի և Վանաձորի հիվանդանոցները, իսկ չստացվելու դեպքում արագ կտեղափոխեն Երևան:
Նախարարը նշեց՝ դա իրենց նպատակների մեջ կա, հավանաբար այդ համակարգը կներդրվի, կմտածեն նաև Հայաստանի հարավի մասին: Թորոսյանը նաև նկատեց, որ գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով օգտվողների հետաքրքիր վիճակագրություն կա, ծրագրից օգտված անձանց 45 տոկոսը եղել են մարզերից:
Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագիրը Երևանում մեկնարկել է փետրվարի 1-ից: Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Ծրագրում ընդգրկվում են «Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները: Այդ ծառայությունները մատուցվում են միայն դեռ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ 212 քաղաքացի պետպատվերով ստացել է բուժսպասարկում, նրանցից 182-ը վերադարձել է բնականոն առողջ կյանքին: