Վահան Տերյան – Անթառամ Միսկարյան. սիրո պատմություն. vnews.am
Advertisement 1000 x 90

Վահան Տերյան – Անթառամ Միսկարյան. սիրո պատմություն. vnews.am

Անթառամը

Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,- լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

Անթառամն այս մասին հիշում է․

«1908թ աշնանը, երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա, մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա  փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը: Այն րոպեին, երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը: Չգիտեմ, նա հասցրե՞լ էր  մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց. «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել»: Կոլյան, թե՝ «Ի​՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»: Ես առաջ անցա, իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում: Երբ տրամվայից իջանք, Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում, քանի որ գնում էինք հայկական եկեղեցի: Պարզվեց, որ Վահանն էլ էր գնում եկեղեցի: Օրը կիրակի էր: Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ  կար: Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում, ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»:

Վահան Տերյանի նամակը Անթառամին․

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

Ամբողջությամբ՝ vnews.am