Հակածխախոտային օրենքը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն, կքննարկի Տնտեսական հարցերով հանձնաժողովը. նախարար
Advertisement 1000 x 90

Հակածխախոտային օրենքը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն, կքննարկի Տնտեսական հարցերով հանձնաժողովը. նախարար

Հայաստանի ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն, հակածխախոտային օրենքը կքննարկի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը: Ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե նոր օրինագիծը քննարկեին առողջապահության ոլորտի մասնագետները, քանի որ օրինագիծն ուղղված է հատկապես բնակչության առողջության պահպանմանը: Նախարարը խոստացավ փորձել գործընկերներին բացատրել, թե ինչու պետք է հակածխախոտային օրենքը քննարկի հենց Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը, և ինքը հույս ունի, որ որոշումը կվերանայվի:

«Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե այդ օրենքն ինչպես ենք քննարկելու տնտեսագետների հետ»,- խոստովանեց նախարարը:

Հիշեցնենք, որ նոր հակածխախոտային օրենքը հանդիպում է կառավարության որոշ անդամների և պատգամավորների դիմադրությանը. նրանք մտավախություն ունեն, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

Սակայն մյուս երկրների փորձը ցույց է տվել, որ հասարակական փակ հաստատություններում ծխելու արգելքը բիզնեսի վրա բացասական ազդեցություն չունի, նույնիսկ հակառակը՝ մարդիկ, որոնք ծխախոտի ծխի պատճառով վախենում էին սրճարաններ և ռեստորաններ գնալ, սկսում են այդպիսի հաստատություններ ավելի հաճախ հաճախել, իսկ ծխող մարդիկ ուղղակի փողոց են դուրս գալիս ծխելու, հաստատության օդը չաղտոտելով:

Բժիշկներն, իրենց հերթին, նշում են, որ հակածխախոտային օրենքի ընդունումը և հասարակական վայրերում ծխելու արգելքի սահմանումը կօգնի լուծել բազմաթիվ լուրջ խնդիրներ և կկրճատի սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղով և այլ հիվանդություններով հիվանդացությունը:

Հիշեցնենք նաև, որ այսօրվա դրությամբ հասարակական փակ հաստատություններում ծխելն արգելված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:



Նման նյութեր