Մենք աշխատում ենք ամենաթափանցիկ ձևով. Արա Վարդանյանը՝ «Հայաստան» հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքների մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Մենք աշխատում ենք ամենաթափանցիկ ձևով. Արա Վարդանյանը՝ «Հայաստան» հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքների մասին. tert.am

Նոյեմբերի 24-ին անցկացվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ողջ հասույթը նախատեսվում է փոխանցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի վերականգնմանը և բազմազավակ արցախցի ընտանիքներին բնակարաններ հատկացնելուն։

«Հայկական Վերածնունդ» համահայկական կազմակերպությունը, սակայն, օրերս կոչ է արել հիմնադրամին գումար փոխանցելու փոխարեն ընտրել այլ տարբերակ արցախահայությանն օգնելու համար, քանի որ «այդ փողը տեղ չի հասնում»: «Հայաստան հիմնադրամը մի մեծ խաբեություն է և պետք դադարել այն սնել: Սփյուռքին առաջարկում ենք հանգանակություններ կատարել վստահելի հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով, իսկ լավագույն դեպքում օգնությունն ուղղակի ձևով տրամադրել հասցեատերերին, եթե դրա հնարավորությունը կա»:

Այս առիթող Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին:

– Պարոն Վարդանյան, «Հայկական Վերածնունդ» համահայկական կազմակերպությունը կոչ է արել գումարներ չտալ հիմնադրամին, քանի որ այդ գումարները տեղ չեն հասնում, թալանվում են կոռուպցիայի պատճառով: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ հենց հիմնադրամի գումարների հետ կապված նման անվստահություն կա:

– Հիմնադրամի գումարների հետ կապված որևէ կասկածի առիթ ես չեմ տեսնում, և, բացառությամբ մի քանի հոգու, ամբողջ աշխարհում որևէ բացասական եզրակացություն կամ որևէ բացասական արձագանք հիմնադրամի մասին չի եղել: Ես դրանք համարում եմ ավելի շատ քաղաքական խաղեր, որոնք այլ նպատակների են ծառայում, և չեմ էլ ուզում մեկնաբանեմ իրենց հայտարարությունները, քանի որ մի քանի հոգու անիմաստ հայտարարություններն իմ համար հիմք չեն: Համոզված եմ, որ մեր ամբողջ հասարակության համար հիմք չեն, և մեր սկսած դրամահավաքները փաստում են, որ որևէ բոյկոտի կամ որևէ պակասի մասին խոսք ուղղակի լինել չի կարող: Արդեն Տորոնտոյում դրամահավաքը տեղի է ունեցել, ռեկորդային ցուցանիշ է՝ 1 մլն դոլարի խոստում, որն աննախադեպ է Տորոնտոյի համար: Եվրոպայում հեռախոսամարաթոնն ավարտվում է: Այնտեղ էլ ունենք ավելացում՝ համեմատած նախորդ տարվա: Այսինքն՝ գրեթե բոլոր տեղերում, որտեղ դրամահավաքները սկսվել են, մենք արդեն գերազանցել ենք անցած տարվա արդյունքները: Դրա համար, խորհուրդ կտայի՝ ավելի շատ հետևեք հիմնադրամի հայտարարությանը, ոչ թե տարատեսակ կազմակերպությունների, որոնք հենց իրենք չեն վայելում ժողովրդի աջակցությունը:

– Մյուս կողմից՝ տարեցտարի հիմնադրամի հավաքած գումարները, կարծես, նվազում են: Դա ինչի՞ հետ կարող է կապ ունենալ, եթե անվստահությունը չէ պատճառը:

– Հիմնադրամի գումարները չեն նվազում: Գումարները գոյանում են 2 տիպի նվիրատվություններից. խոշոր նվիրատվություններից և համեմատաբար՝ փոքր: Փոքրը դա 1 դոլարից մինչև 500 դոլար նվիրատվությունն է, խոշորները՝ 20 հազարից մինչև 1 մլն և ավելի: Լինում են տարիներ, երբ խոշոր նվիրատուները շատ են, լինում են տարիներ, որ քիչ են: Հասարակ բնակչության շրջանում դրամահավաքը տարեցտարի գերազանցում է իր արդյունքը և մասնակցում են ավելի շատ մարդիկ: Ուղղակի խնդիրն այն է, որ հարուստ մեր համաքաղաքացիների քանակը սահմանափակ է, և պահանջել, որ յուրաքանչյուր հարուստ ամեն տարի 1 մլն-ով, կես մլն-ով կամ 100 հազարով մասնակցի, հասկանալի է, որ անհնարին է: Լինում է տարի, որ մի մեծահարուստ տալիս է 1 մլն, լինում է տարի՝ 500 հազար, լինում է տարի՝ 15 մլն: Եթե հիշում եք՝ մի քանի տարի առաջ Սամվել Կարապետյանը 15 մլն դոլարով մասնակցեց Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցմանը: Բայց ակնկալել, որ մյուս տարի ևս Սամվել Կարապետյանը կտար ևս 15 մլն, ուղղակի ծիծաղելի է: Նույնիսկ հարուստ մարդը չի կարող ամեն տարի նվիրաբերել 15 մլն կամ 1 մլն: Գումարը մի քիչ տատանվում է, մեկ տարի կարող է մի քիչ ավելի լինել, մեկ տարի՝ մի քիչ պակաս, բայց մարդկանց քանակը կայուն աճում է:

-Իսկ այս տարի արդեն եղե՞լ են մեծահարուստներ, ովքեր տվել են գումար կամ խոստում, և ո՞րն է եղել ամենամեծ գումարը:  

-Արդեն նշեցի՝ ինչ արդյունքներ ունենք այս պահին, իսկ բոլոր խոշոր խոստումների մասին մենք կհայտարարենք հեռուստամարաթոնի ընթացքում, որն ամսի 24-ին է: Եվ, այո, լինելու են խոշոր խոստումներ: Խոստումներ կան և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից:

– Համոզվա՞ծ եք, որ այդ  բոլոր խոստումներն իրականություն են դառնալու:

-Բոլոր խոստումները դառնում են իրականություն, քանի որ մենք միշտ հաշվետվություն ենք ներկայացնում մեր կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ի տարբերություն այլ հիմնադրամների ու կազմակերպությունների, որոնք տարբեր կոչեր են անում, օրինակ, բոյկոտների, մենք միշտ հաշվետու ենք մեզ նվիրաբերած գումարների համար, միակն ենք, որ անցնում ենք միջազգային աուդիտ և այդ ամենը շատ թափանցիկ կերպով միշտ ներկայացվում է հանրությանը: Իսկ եթե Համահայկական հիմնադրամի հետ կապված կա որևէ բողոքելու հիմք, թող մեզ ներկայացնեն: Հիմքը շատ պարզ է, որ մենք արել ենք անորակ շինարարություն, որ այն, ինչ-որ մենք կառուցել ենք, քանդվել է, որ մենք արել ենք թանկ շինարարություն, որ մենք հայտարարել ենք մի բան, որը չենք արել: Եթե կա որևէ օրինակ, խնդրեմ, թող բերեն ներկայացնեն: Մենք աշխատում ենք ամենաթափանցիկ ձևով և մեր բոլոր հաշիվները միշտ բաց են: Դա արդեն բավական է, որ մարդիկ հասկանան, որ տարատեսակ կոչերին հետևելու իմաստ չկա, քանի որ էդ կոչերը տարածողներն ինձ համար շատ կասկածելի հիմունքներով են ֆինանսավորում: Արդեն ինչ-որ թուրքական տարրեր եմ ես տեսնում իրենց կոչերի մեջ, քանի որ միայն թուրքը կարող է հայտարարել, թե եկեք չօգնենք մեր հայրենակիցներին: Մենակ թուրքը կարող է նման բան անել:

-Վստահեցնում եք, որ այդ գումարներից իշխանությունը չի օգտվում, որևէ այլ տեղ դրանք չե՞ն գնում:

-Այդ գումարներից ոչ միայն իշխանությունը, այդ գումարներից ոչ ոք չի կարող օգտվել: Համահայկական հիմնադրամը կազմակերպություն է, որը ղեկավարվում է հոգաբարձումների խորհրդի կողմից, որի մասնակիցների գերակշիռ մասը ներկայացված են հենց սփյուռքյան կազմակերպությունների և անհատների կողմից, և որևէ մեկը՝ լինի դա իշխանություն, գործադիր տնօրեն, ցանկացած այլ անձ, չի կարող հօգուտ իրեն ղեկավարել կամ կառավարել գումարները: Այդ գումարները նախանշված են ծրագրերի համար և ծախսվում են համապատասխանաբար ծրագրերի վրա:

-Կարծում եք՝ որպես PR էլ այդ ծրագրերը չե՞ն  ներկայացվում իշխանության կողմից:

-Այդ ծրագրերը ներկայացվում են որպես հիմնադրամի կողմից արվող ծրագրեր: Մենք որևէ այլ անձի PR-ով չենք զբաղվում: Մենք զբաղվում ենք մեր բարերարների PR-ով, որովհետև համոզված ենք, որ այն մարդը, որը նվիրաբերում է գումար, կարող է լավ օրինակ ծառայել մնացածի համար: Դրա համար, մենք փորձում ենք անել այնպես, որ մարդը, որը նվիրաբերել է գումարը, հայտնի լինի և այդ մարդու մասին տեղեկությունը հասանելի լինի բոլորին:

– Ակնկալում եք ավելի շա՞տ գումար հավաքել այս տարի:

– Ես ակնկալում եմ յուրաքանչյուր տարի ավելի շատ գումար հավաքել, քանի որ ակնկալում եմ ավելի շատ մասնակիցների քանակ։ Կրկին դիմում են մեր բոլոր մասնակիցներին՝ դուք կարող եք դեմ լինել քաղաքական այս կամ այն մարդուն, դուք կարող եք չընդունել ներկայիս իշխանությունը, չընդունել համահայկական հիմնադրամի տնօրենին կամ որևէ այլ անձի, բայց չընդունել այն մարդկանց, որոնց մենք օգնում ենք, դա ուղղակի անհեթեթություն է: Գործը, որը մենք անում ենք, ուղղված է հասարակ մարդկանց կյանքի բարելավմանը, և մենք դա անում ենք պատվով: Եվ եթե մարդիկ դեմ են դրան, ապա պետք է կրկնեմ, որ ուղղակի թրքամետ մարդը կարող է դեմ լինել Հայաստանի կամ Արցախի սահմանային գյուղում ճանապարհների, դպրոցի կամ հյուրատան կառուցմանը:



Նման նյութեր