Ամեն տարի հոկտեմբերի 29-ին աշխարհում նշվում է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը 2006 թվականին հիմնադրել է Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը (World Stroke Organization, WSO)՝ այս հիվանդության դեմ համաշխարհային պայքարում շտապ ակտիվ գործողությունների կոչի նպատակով:
Բայց այսօր նշվող օրվա պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կաթվածը հայտարարեց գլոբալ համաճարակ, իսկ 2005-ին ստեղծվեց Կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը, որը և հիմնադրեց այս Օրը:
Այսօր կազմակերպության մեջ մտնում են ավելի քան 3,5 հազար անհատ անդամներ և 85 երկրների ավելի քան 60 կազմակերպություններ՝ գիտնականներ, գիտական կազմակերպություններ և կաթվածի դեմ պայքարի միություններ:
Կաթվածը վիճակ է, որի դեպքում զարկերակի խցանման կամ անոթի պատի պատռվածքով արյան զեղման հետևանքով գլխուղեղ արյան մատակարարման դադարեցման պատճառով տեղի է ունենում նյարդային բջիջների վնասում կամ ոչնչացում, սա արագ զարգացող ուղեղի արյան շրջանառության խախտում է՝ ուղեղի հյուսվածքի միաժամանակյա վնասմամբ և նրա ֆունկցիայի խանգարմամբ:
Կաթված առաջացնող գործոններն են՝ զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխելը և ալկոհոլի չափից ավելի շատ գործածումը:
Այս հիվանդությունը մինչ օրս շարունակում է մնալ աշխարհում մահվան և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկը: ԱՀԿ տվյալներով՝ կաթվածի հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 6,7 մլն մարդ: Անոթային հիվանդություններին է բաժին ընկնում մահվան դեպքերի ավելի քան կեսը, եթե վերջերս կաթվածը հանդիպում էր հիմնականում 55-60-ն անց պացիենտների շրջանում, ապա ներկայումս դեպքերի մոտ երրորդ մասը բաժին է ընկնում աշխատունակ տարիքի (30-40 տարեկան) մարդկանց: