ԱԺ պատգամավորների գործուղումների մասով մի քանի նոր կարգավորումներ են լինելու։ Այսօր ԱԺ–ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
«Կարգավորումներն արվելու են, որպեսզի հստակ երևա՝ որ դեպքում պատգամավորը երբ է մեկնում, երբ վերադառնում»,– ասաց նա` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե մեկ պատգամավորի մասով միջին գործուղման ծախսն ինչքա՞ն է կազմել 6 ամսվա տվյալներով, միտումն ավելացե՞լ է, թե նվազել։
Գալստյանը թիվ չնշեց, բայց ասաց, որ նվազման միտում կա։
«Եվ ոչ միայն այդ տեսանկյունից, այլ նաև ներկայացուցչական ծախսերը, այսինքն՝ պատվիրակությունների ընդունման տեսանկյունից։ Պատվիրակությունների ընդունման առումով մոտ 40 մլն ավելի ցածր ծախս է եղել, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում»,- ասաց նա։
Գալստյանի խոսքով` պատգամավորների գործուղումների մասով վերահսկողության տակ են առել թե՛ տոմսերի գնման արժեքները, թե՛ արտերկրում լինելու ժամանակաշրջանը։