Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:
Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: