Որովայնի փքվածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Դրանցից ամենատարածվածներն են՝
Չափից շատ ուտելը
Որովայնի փքվածության և մետեորիզմի պատճառ, բրիտանական բժիշկների խոսքերով, կարող է լինել չափից շատ ուտելը և, դրա հետ կապված, սնունդն արագ կուլ տալու սովորությունը։ Եթե մարդը շատ արագ է ուտում և շատ օդ է կուլ տալիս, դա գազերի կուտակում է առաջացնում։
Գրգռված աղիների համախտանիշ
Աղիների աշխատանքի խախտման հետ կապված այս հիվանդության ախտանշանները սովորաբար առաջանում են առանց ակնհայտ պատճառների։ Պացիենտի մոտ կարող է սկսվել լուծ, փորկապություն, որովայնի քրոնիկ ցավեր, փորի ուռածության զգացողություն։ Այս համախտանիշով տառապողների մոտ որովայնի փքվածության ժամանակ հաճախ են դիտարկվում շատ գազերի առաջացում և աղիներում ցավոտ, սպազմատիկ զգացողություններ։
Հորմոններ
Կանանաց մոտ որովայնի փքվածությունը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի հետ՝ ցիկլի ավարտին մոտ հորմոնների ազդեցությամբ լինում է օրգանիզմում հեղուկի կուտակում, նաև փորն է կարծես մեծանում և ուռչում։ Սովորաբար այդ ամենն անցնում է նոր ցիկլի սկսվելու հետ։
Սննդային ալերգիա
Եթե մարդը գլյուտենների հանդեպ ալերգիա ունի, մարսողության ժամանակ նրա մոտ բորբոքային ռեակցիաներ են առաջանում, և աղիների պատերը վնասվում են։ Դա բացասաբար է ազդում նաև այլ սննդանյութերը նորմալ յուրացնելու օրգանիզմի ունակության վրա։
Կաթնամթերքներում առկա լակտոզայի դժվարամարսությունը, ինչպես նաև մսի, թռչնամսի, ձվի և այլնի հանդեպ ալերգիան նույնպես կարող է որովայնի փքվածություն առաջացնել։
Քաղցկեղի որոշ տեսակներ
Փքվածության պարբերաբար առաջացման (հատկապես որովայնում այլ տհաճ և ցավոտ ախտանշանների առկայության) դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որպեսզի բացառվեն քաղցկեղային հիվանդությունները։ Ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, ինչպես նաև արգանդի, հաստ աղիքի և ստամոքսի քաղցկեղները կարող են արտահայտվել նաև որովայնի փքվածությամբ։