Ռուսական «Մարս մեդիա» կինոընկերությունը Սանտա Մոնիկայի (Կալիֆոռնիա նահանգ) ամենամյա կինոշուկայում կներկայացնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը»` Արամ Խաչատրյանի մասին կենսագրական կինոնկարը։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
«Սուսերով պարը» ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ։ Այն երկու երկրներում էլ վարձույթի դուրս կգա 2019թ.-ի դեկտեմբերին։
«Մարս մեդիայի» միջազգային վաճառքի ղեկավար Միլա Ռոզանովայի խոսքով` ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում։ Սանտա Մոնիկայում ընկերությունը ծրագրում է բանակցություններ վարել ևս մի քանի ընկերությունների հետ։
Ֆիլմի գործողություններն ընթանում են 1942թ.-ի աշնանը Մոլոտովում (Պերմ), որտեղ տարհանումից հետո Լենինգրադի Կիրովի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի հետ գտնվել է Խաչատրյանը։ Հենց այստեղ, «Գայանեի» վերջին փորձից առաջ, նա հանկարծ տնօրինությունից հրաման է ստանում ևս մեկ պար գրել բալետի եզրափակիչ մասի համար, որն արդեն պատրաստ էր։ Նա բառացիորեն մի քանի ժամում է գրել այդ հատվածը։
Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ.-ին` երկու փուլով։ Առաջին փուլը եղել է Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։