Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում
Advertisement 1000 x 90

Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կինն առանձնահատուկ ուշադրության և խնամքի կարիք ունի։ Քանի որ ապագա մայրիկի մարմինն ամբողջ հղիության ընթացքում փոփոխությունների է ենթարկվում, ներքնաշորերի մասին պետք է հոգալ հենց հղիության սկզբից։

Ինչպե՞ս ընտրել սպիտակեղենը

Հղի կնոջ ներքնաշորի ընտրության հարցում կա երեք հիմնական պահանջ՝ պրակտիկություն, հարմարավետություն և որակ։ Հարմարավետության համար ցանկալի է ընտրել առանց կարերի ներքնաշորեր։ Ընդ որում՝ հղի կանանց ներքնաշորերը պետք է կարված լինեն բնական կտորներից՝ բամբակից, քանի որ ինտիմ հատվածները խիստ զգայուն են դառնում այդ շրջանում։ Սինթետիկ կտորներն ալերգիա են առաջացնում, քոր, ինչպես նաև վատ են ապահովում օդի ներթափանցումը։

Երբ փորն սկսում է կլորանալ, հատուկ ներքնաշորի կարիք է զգացվում։ Քանի դեռ հղիության սկզբնական շրջանում եք, կարելի է կարճ վերնամասով՝ գոտկատեղից ներքնազգեստ գնել, իսկ երբ փոքրիկը մեծանա, և որովայնն էլ արտահայտվի, բարձր առաջամասով և ցածր հետնամասով ներքնաշոր կարող եք գնել։

Կուրծքը տասներկուերորդ շաբաթից հետո արտահայտվում է մեծությամբ։ Պետք է կրել նախածննդյան, կուրծքը վեր պահող կրծքկալներ, ինչը կօգնի խուսափել հղիազոլերից և կախ ընկնելուց։ Այդպիսի կրծքկալներն առաձգական ափսե ունեն, որը մեծանում է կրծքի մեծանալուն համապատասխան, ունեն նաև լայն ամրակներ, որոնք ուսերից և պարանոցից թոթափում են ծանրությունը։ Կարևոր մի հանգամանք կա․ կրծքկալը չպետք է լինի ձիգ և ոչ էլ շատ ազատ, պետք է լինի առանց կարերի և երկաթային մասերի։

Եթե ձեր գինեկոլոգը խորհուրդ տա իրանը ձգող հատուկ ներքնաշոր (բանդաժ) կրել, ապա անպայման հետևեք նրա խորհրդին։ Այն անփոխարինելի է կրկնվող հղիությունների պարագայում, երբ որովայնի մկանները թուլացած և ձգված են լինում, ինչպես նաև կեսարյան հատումից հետո մնացած սպիի դեպքում, բազմապտուղ հղիության դեպքում։ Այն կկանխի հղիազոլերի առաջացումը և զգալիորեն կնվազեցնի ողնաշարի լարվածությունը։

Գիշերանոցները և քնաշապիկները, որոնք կարված են հղի կանանց համար նախատեսված բնական կտորներից, ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլև գրավիչ։

Սիրեք ինքներդ ձեզ, խնամեք և գեղեցիկ հագնվեք։ Գնեք միայն որակյալ ներքնազգեստ, որը հարմարավետ և գեղեցիկ կլինի, պահպանեք կանացիությունը։

sotskiy.am