Վենետիկում հեղեղումների նոր ալիք է սպասվում
Advertisement 1000 x 90

Վենետիկում հեղեղումների նոր ալիք է սպասվում

Սպասվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղեկատվության ծառայությունը:

Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչև 187 սանտիմետր առավելագույն բարձրացումից հետո, ինչը նոյեմբերի 13-ին հանգեցրեց կղզային Վենետիկի տարածքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի տաճարը, ջրի մակարդակն իջել է մինչև անվտանգ 80 սանտիմետր: Սակայն 1966 թվականից հետո խոշորագույն ջրհեղեղի հետևանքները վերացված չեն: Փակ են մնում բազմաթիվ դպրոցներ, թանգարանների մեծամասնությունը և մի քանի հասարակական հաստատություններ:

Ինչպես հայտարարել է Վենետիկ այցելած Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, օրվա ընթացքում կկայանա Նախարարների խորհրդի նիստը, որտեղ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարվի բնական աղետի պատճառով: «Մենք իսկույն դեկրետ կընդունենք քաղաքացիների վնասների փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մասին: Մասնավոր անձանց համար նախատեսված է 5 հազար եվրո, ընկերությունների ու խանութների համար՝ 20 հազար եվրո: Հետագայում պլանավորվում է քննարկել մյուս դեպքերը և գնահատել վնասի չափը հետագա փոխհատուցման համար»,- նոյեմբերի 14-ին հայտարարել է վարչապետը Վենետիկից Հռոմ մեկնելուց առաջ: Քաղաքի և մարզի իշխանությունները ծովի մակարդակի բարձրացումից վնասը գնահատում են հարյուր միլիոններով, ԶԼՄ-ներից մի քանիսը մինչև 1 մլրդ դոլար գումար են նշում:



Նման նյութեր