Հովհաննես Ավետիսյան. «Այս սահմանափակմանը գալիս է նաև գումարվելու մտածողության և աշխարհընկալման ու գիտակցության սահմանափակումը
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Այս սահմանափակմանը գալիս է նաև գումարվելու մտածողության և աշխարհընկալման ու գիտակցության սահմանափակումը

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան ասեմ գնանք ննջենք:

Այսօր գրելի է, որ երկրի ռազմավարական զարգացման ծրագրից նորություն չկա:
Շատերին, նաև կառավարությունում, կարող է թվալ, թե սա ուղղակի ցանկությունների թուղթ է, և այնտեղ պետք է զետեղել պրոլետարիատի ականջին ու աչքին հաճելի տեքստեր, սակայն իրականում սա լուրջ փաստաթուղթ է, որը պետք հաշվի առնի աշխարհի և մեր տարածաշրջանի զարգացումները, մարտահրավերները և… Եվ այս առկա ու գալիք միտումները հաշվի առնելով պետք է հասկանալ, մենք որպես պետություն այս միջավայրում, երկրագնդի վրա մեզ որտեղ ենք տեղավորում, որտեղ կարող ենք մրցակցային առավելություններ գեներացնել և ինչ արժեք կարող ենք ստեղծել, ինչպես ենք լուծելու առկա մարտահրավերները և ինչպես ենք պատրաստվում դիմակայել ապագա մարտահրավերներին:

Որպեսզի ավելի պարզ լինի, թե մեր իրականության և ներկայի հետ սա ինչ առնչություն ունի երկու առարկայական օրինակ բերեմ:

Գիտեք, որ մեր երկրում մշտական բնակչության թիվը շարունակաբար նվազում է: Նվազման միտումը վերջին մի քանի տարում ինքնին փոքր ինչ նվազել է, սակայն երկարաժամկետում ներկա պայմանների պահպանման պարագայում այն շարունակվելու է: Հետևաբար, Ժողովրդագրական այս խնդիրը մարտահրավեր համար մեկն է պարզ պատճառներով: Տնտեսությունը մարթն է իր գործունեությամբ` անկախ դրա բնույթից: Փոքրաթիվ քաղաքացիներով երկիր նշանակելու է հարաբերականորեն փոքր տնտեսություն և փոքր հարկման բազա, ինչն էլ նշանակելու է ավելի քիչ հանրային ռեսուրս և հետևաբար ավելի քիչ պետության ներգրավվածության հնարավորություն` պետության անվտանգությունից մինչև կրթություն:
Սրանով հանդերձ, օրինակ անվտանգային մարտահրավերները, երեսուն տարվա առաջվա համեմատ, ոչ միայն չեն վերացել, դրանք էլ ավելի են սրվել: Ո՞րն է խնդիրը:

Նախ պետք է հասկանալ ինչու են մարդիկ գնում և որոնք են հիմնական պատճառները: Մենք կարող ենք մեր սեփական կարծիքը ունենալ` կախված նրանից թե ինչ շրջապատում ենք հարաբերվում և ինչ տրամադրություններ են այնտեղ առկա:
Ըստ իս, մարդիկ գնում են առաջին հերթին վատ սոցիալական ենթակառուցվածքների պատճառով` առողջապահություն, կրթություն և սոցիական ծառայություններ:
Սակայն, ինչպես արդեն ասեցի, հարկավոր է խնդրի էությունը բացահայտել, այլապես մեր գործողությունները, որոնք չկան, բայց եթե նույնիսկ լինեն, արդյունքի չեն հանգեցնի: Հարց. Երբևէ լսե՞լ եք, որ այս թիվ մեկ մարտահրավերի պատճառների բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ուսումասիրություններ արվեն (ինչ-որ մարդիկ որոշել են, որ դա աշխատատեղերի բացակայությունն է, ինչը կրկին իմ կարծիքով համար մեկ պատճառը չէ):
Այնինչ, մարդիկ հայտարարում են, որ երկրի ռազմավարության վրա են աշխատում և մենք մինչև 2050-ը դառնալու ենք 4 կամ 5 միլիոն (արդեն չեմ հիշում, բայց դա էական էլ չէ): Կնշանակի ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղ նստած փորձում են ուղղակի «խելացի» մտքեր գրել: Այս օրինակը այսպես անավարտ թողնելով հաջորդը նշեմ:

Տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի զարգացմանը զուգընթաց տնտեսական միավորների (բիզնեսներ) համար պետությունների սահմանները սկսում են ավելի քիչ խանգարող լինել և նրանք կարողանում են հեշտությամբ ընդլայնվել և մրցակցության մեջ մտնել տեղի տնտեսավարողների հետ: Օրինակ, բանկային համակարգի ոլորտում, թվում է թե մեր բանկերը լավ ծառայություններ են մատուցում և թվում է օտար բանկը, որ երկրում ներկայացվածություն չունի, չի կարող մրցակից լինել: Սակայն դա այդպես չէ: Ամերիկյան բանկերը մեծ արդյունավետությամբ սպասարկում են մեր երկրի քաղաքացիներին և տարածությունը բացարձակապես խոչընդոտ չէ, որ օրինակ օնլայն բանկային ծառայությունները անվճար լինեն, ինչը օրինակ հայկական բանկերը վճարով են տրամադրում: Կամ այս բանկերին երկրի օրենսդրությունը և սահմանափակումները չեն խանգարում, որ իրենք իրենց օտարազգի հաճախորդի հետ հարաբերվեն իրենց երկրի կանոններով, ձևավորեն այդ անձի վարկային պատմությունը իրենց կանոններով և իրենց կանոններով էլ օտար երկրի տարածքում ծառայություններ մատուցեն: Սրանց համեմատության դեպքում կտեսնենք, որ այս բանկերը ավելի մրցունակ են և հետևաբար կարողանում են երկրում չլինելով հանդերձ հաճախորդներ ունենալ:
Սա մի տնտեսական պարզ օրինակ է, որ կարծում եմ շատ այլ ոլորտներում էլ է առկա: Օրինակ առևտրի, երբ փոստային ծառայությունների լավացմանը զուգահեռ, տեղի առևտրային տնտեսավարողները անտեսանելի ու ուժեղ մրցակիցներ են ձեռքբերում:

Նշածներս ընդամենը փոքր, սակայն շատ կարևոր մաս են ռազմավարական փաստաթղթերի, որոնք պետք է հաշվի առնել: Այս երկուսը օրինակ են մարդու և մարդու գործունեության առարկայի մասին:
Ամփոփելով, մարդը քվեարկում է ոտքով, ինչը կնշանակի լքում է երկիրը ի օգուտ ավելի արդյունավետ պետությունների: Զուգահեռ, օտար տնտեսավարողները, նույնիսկ երկրում չլինելով, լուրջ մրցակից են դառնում տեղի տնտեսավարողներին: Այս ամենը նշանակում է, որ մենք ավելի ենք թուլանում և մաշվելու ենք, եթե այս ամենը հաշվի չենք առնում և ռեսուրսից չենք դառնում արժեք ստեղծող, արդյունավետ կառավարվող և մրցունակ պետություն:
Ի՞նչ քայլեր ենք մենք անում սրա համար: Ես որևէ խելամիտ քայլ դեռ չեմ տեսել:
Երկրում հանրային կառավարման, հանրային քաղաքականությունների և տնտեսական ուղղվածությամբ մտավոր ներուժ էլ չունենք: Այսինքն, նախ սրանց վրա պետք է աշխատել…և այո դեռ այդքան հետ ենք ու զրոյից պետք է սկսել:

Այս ամենը հնարավոր է, սակայն մտածել, վերլուծել և գործել է պետք, իսկ սահմանափակումը ժամանակն է, քանի որ գլոբալ մրցակցության մեջ դրա սղությունը ավելի շոշափելի է: Մեր դեպքում այս սահմանափակմանը գալիս է նաև գումարվելու մտածողության և աշխարհընկալման ու գիտակցության սահմանափակումը»:



Նման նյութեր