ՀՀ բուժծառայողի օրվան ընդառաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում կազմակերպել էր շրջայց: Հոսպիտալը 2011-2013 թվականները եղել է լավագույնը հանրապետությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոսպիտալը պարբերաբար վերազինվում է նոր տեխնիկայով, և գործընթացը շարունակական է:
«Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը շեշտեց, որ տեխնիկական հագեցվածությունը բավարար է զինծառայողներին համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար:
«Մեզ մոտ բժիշկների թիվն է մի փոքր քիչ, սակայն հույս ունենք, որ առաջիկա զորակոչի ժամանակ որոշ չափով կհամալրվի: Չնայած այդ ամենին, մեր հոսպիտալի բոլոր բժիշկներն իրենց առջև դրված խնդիրները կատարում են հավուր պատշաճի, որի ապացույցներից մեկը 2011-2013 թթ. հանրապետության լավագույն հոսպիտալ ճանաչվելու փաստն է: Այդ մրցանակն արդեն չի գործում, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն ոգով և ավելի ենք կատարելագործվում»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ իրենց հոսպիտալը սպասարկում է նաև քաղաքացիներին:
Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր: