Արվեստի որոշ տեսակներ, օրինակ՝ պարերը, երգչախմբային երգեցողությունը, թմբուկ նվագելը և նկարներ ստեղծելը, կարող են էական ազդեցություն գործել մարդու առողջական վիճակի վրա, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները։
Մասնագետներն ուսումնասիրել են 9 տարվա մի քանի հարյուր հետազոտությունների տվյալներ, որոնք փորձել են պարզել արվեստի կապը տարբեր հիվանդությունների հետ։ Պարզվել է, որ արվեստի որոշ տեսակներ կարող են դեղերից ոչ վատ ազդել դրանց բուժման վրա։ Օրինակ, շնչառական տեխնիկաները, որոնք օգտագործվում են երգեցողությամբ զբաղվելիս, օգտակար են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող, ինչպես նաև բարձր տագնապայնությամբ կամ դեպրեսիայով տառապող պացիենտներին։ Բացի այդ, երգեցողությամբ պարապելը լավացնում է պաշտպանությունը շնչուղիների հիվանդություններից։
Դեպրեսիայի, տագնապայնության և անհանգստության մակարդակը նվազեցնելուն արդյունավետ օգնում է ինչպես երգչախմբային երգեցողությունը, այնպես էլ աշխատանքը նկարներ կամ արտ-օբյեկտներ ստեղծելիս, օգնում է նաև խմբով թմբուկ նվագելը։ Իսկ ահա սրտի քրոնիկական անբավարարություն ունեցող պացիենտներին, փորձագետների կարծիքով, օգտակար է պարել, ընդ որում՝ կոնկրետ վալս։
Վայելչագրության արվեստին տիրապետելը, ինչպես պարզել են մասնագետները, օգնում է պայքարել սթրեսի, հիպերակտիվության ախտանշանի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման դրսևորումների դեմ։
Մեկնաբանելով ստացված տվյալները՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Պիրոսկա Օսթլինը նշել է, որ «ԱՀԿ զեկույցում բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես արվեստը կարող է ազդել դիաբետի, ճարպակալման և մարդու հոգեկան առողջության վրա»։