Հայաստանում փոխպատվաստված լյարդով առաջին երեխան «ոչ միայն քայլում է, այլև վազում»
Advertisement 1000 x 90

Հայաստանում փոխպատվաստված լյարդով առաջին երեխան «ոչ միայն քայլում է, այլև վազում»

Հայաստանում երեխայի լյարդի առաջին փոխպատվաստումից հետո անցել է ուղիղ մեկ ամիս։ Այսօր թե՛ 10-ամյա պացիենտը, թե՛ նրա հայրը, որը դարձել է նրա դոնորը, իրենց հիանալի են զգում։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ երկու պացիենտների մոտ էլ բարդություններ չեն եղել, և նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Իհարկե, հայրենի գյուղ գնալ դեռ չեն կարող. առնվազն ևս մեկ ամիս տղան պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, ինչից հետո կստանա իր տարիքին անհրաժեշտ պատվաստումը, ևս մի երկու միջամտություն և կկարողանա մեկնել Երևանից։ Իսկ առայժմ տղայի ընտանիքն ապրում է հիվանդանոցից ոչ հեռու։

«Պացիենտը իրեն հիանալի է զգում, նա ոչ միայն քայլում է, այլև վազում»,- ասել է Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին կատարվել է հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում։ Պացիենտը, որը վիրահատության պահին 10 տարեկան 8 ամսական էր, լյարդի բնածին ֆիբրոզ ուներ՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր դարձավ նրա հայրը, որը նրան տվեց իր լյարդի մի մասը։

Վիրահատությունը տևեց 14,5 ժամ, և աշխատեց 22 մասնագետից բաղկացած խումբ, որոնցից 7-ը Հայաստան էր եկել Բելառուսից։

Հայաստանում մեծահասակ պացիենտին լյարդի առաջին վիրահատությունը նույնպես կատարվել է այս տարի, «Աստղիկ» ԲԿ-ում։

med.news.am