Մրսածության ժամանակ ճիշտ սննդակարգը կարող է օգնել ավելի արագ ապաքինվելուն։ Եվ հակառակը, եթե ճիշտ չսնվես, հիվանդությունը կարող է սովորականից երկար տևել։
Եվ այսպես, ի՞նչ չպետք է ուտել մրսածության և հազի ժամանակ։
Մրսածության ժամանակ բարձրանում է օրգանիզմի էներգիայի պահանջը, որը կարող են ապահովել հեշտ մարսվող ածխաջրերը։ Բայց շատ ածխաջրեր ուտել պետք չէ. խորհուրդ է տրվում սեղանից վեր կենալ թեթևության զգացումով։ Սննդաբաժնի հիմքը պետք է լինեն մրգերը, բանջարեղենները և սպիտակուցները, որոնք օրգանիզմին կտան անհրաժեշտ «շինանյութ» վարակի դեմ պայքարելու համար։
Մասնագետների խոսքով՝ չպետք է կրճատել սննդաբաժնի կալորիականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել ախտանշանների խորացման և վարակների հանդեպ ընկալունակության բարձրացման։
Մրսածության առաջին օրերին, եթե ջերմաստիճանը բարձր է, հազ և ցավ կա կոկորդում, խորհուրդ է տրվում սնվել թեթև կերակուրներով։ Նաև խորհուրդ է տրվում խմել շատ հեղուկ։ Ըմպելիքները չպետք է լինեն տաք, քանի որ դրանք կարող են վնասել կոկորդի լորձաթաղանթը կամ այրել կոկորդը։
Մրսածության ժամանակ կիտրոնով և այլ ցիտրուսներով գայթակղվելը նույնպես ցանկալի չէ. դրանք պարունակում են ոչ միայն օգտակար С վիտամին, այլ նաև թթուներ, որոնք գրգռում են լորձաթաղանթները։
Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցրի օգտագործումը հիվանդության ժամանակ. ընդունված է համարել, որ քաղցրը թուլացնում է իմունային համակարգը։
Բարձր կալորիականությամբ մթերքները մրսածությամբ թուլացած օրգանիզմին դժվար կլինի մարսել, դրա համար ավելի լավ է չուտել դրանք։
Սուրճը և ալկոհոլային խմիչքները նույնպես պետք է բացառել, քանի որ դրանք ջրազրկում են օրգանիզմը, իսկ դա պարզապես անթույլատրելի է։