Սիլվա Համբարձումյանը կաշառքը տվել է Արամ Հարությունյանին. ինչ ցուցմունք է տվել գործարարը կալանավորված Ալիկ Պետրոսյանի որդու հետ առերեսվելիս. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սիլվա Համբարձումյանը կաշառքը տվել է Արամ Հարությունյանին. ինչ ցուցմունք է տվել գործարարը կալանավորված Ալիկ Պետրոսյանի որդու հետ առերեսվելիս. pastinfo.am

Գործարար Սիլվա Համբարձումյանը ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի գործով առերեսվել է վերջինիս որդու հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն ասաց, որ Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակար Պետրոսյանի հետ առերեսվել է մինչեւ Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելը։

«Ալիկ Պետրոսյանի հետ առերեսում չեմ ունեցել, ունեցել եմ Մակար Պետրոսյանի հետ։ Քանի որ «Լուլիար» ՍՊԸ-ն ձեռք է բերվել իրենցից։ Գուցե գործի շրջանակներում է դա, քանի որ Արամ Հարությունյանը փոխառության պայմանագիր ունի իրենց հետ, որ 14 միլիոն դոլարի փոխառություն է տրվել։ Մակարի հետ առերեսումը ունեցել եմ ավելի շուտ՝ մինչեւ մեղադրականը»,- ասաց Սիլվա Համբարձումյանը։

Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործարարն ասաց, թե Հայաստանում առանց կաշառքի հնարավոր չէր գործ սկսել, հայտարարեց, որ հալածանքների է ենթարկվել եւ դժվարությամբ է հասել այն ամենին, ինչ ունի։

Ամբողջությամբ՝ pastinfo.am