Հայաստանը ռմբակոծելու թուրքական պլանի հետքերով. armradio.am
Advertisement 1000 x 90

Հայաստանը ռմբակոծելու թուրքական պլանի հետքերով. armradio.am

Երեկ հայկական տեղեկատվական դաշտում սկսեց մի հոդված շրջանառվել, ըստ որի` Թուրքիան լրջորեն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու հավանականությունը և պատրաստվում դրանց: Գնանք հոդվածի հետքերով:

Աղբյուրը.  Հայաստանը ռմբակոծելու վերաբերյալ թուրքական ծրագիրը բացահայտած շվեդական Nordic Monitor պարբերականը կայքի «Մեր մասին» բաժնում անկեղծորեն նշում է, որ մասնագիտական հետաքրքրության հիմնական առարկան Թուրքիան է: Եվ իրոք կայքի նյութերի մեծամասնությունն այդ երկրին է նվիրված:

Կայքը երկու հիմնական հեղինակ ունի: Երկուսն էլ թուրք են՝ Աբդուլահ Բոզկուրտը և Լևենտ Կենեզը: Առաջինը Today’s Zaman թերթի Անկարայի բյուրոյի ղեկավարն էր, երկրորդը` Meydan պարբերականի գլխավոր խմբագիրը:

Թուրքիայի կառավարությունն այդ 2 թերթերն էլ փակել է 2016 թվականի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Աշխատակիցները որպես գյուլենականներ ենթարկվել են քաղաքական հետապնդումների: Շատերին հաջողվել է փախչել երկրից: Մասնավորապես` Աբդուլահ Բոզկուրտն  ու Լևենտ Կենեզը հայտնվել են Շվեդիայում:

Կայքը գրանցվել  է 2018 թվականին: Մշտական այցելուների, օգտատերերի թիվը շատ սահմանափակ է: Տպավորությունն այնպիսին է, որ սա ոչ այնքան լրատվամիջոց է, որքան այսպես կոչված «сливной бачок» ՝ ֆիկտիվ առաջնային աղբյուր, որին ավելի լուրջ պարբերականները կասկածելի նյութ տեղադրելիս կարող են հղում տալ:

Հայկական լսարանի կողմից մեր երկիրը ռմբակոծելու վերաբերյալ թուրքական պլանների մասին պատմող հրապարակումն ընկալվեց որպես եվրոպական անկախ լրատվամիջոցի բացահայտում, մինչդեռ դա բացառապես թուրքական ներքաղաքական պայքարի արդյունք  էր:

Երեք տարի առաջ էրդողանականները ջարդեցին գյուլենականներին, բայց վերջիններս չեն հանձնվում ու «Խոջա էֆենդիի» մեդիակայսրության աշխարհով մեկ սփռված փշուրները շարունակում են պայքարը:

Առհասարակ` հրապարակման թիրախը ոչ թե մենք էինք, այլ, ամենայն հավանականությամբ, արևմտյան աշխարհի զանգվածային լսարանն ու հասարակական կարծիքը:

Նյութը. Աշխարհի անխտիր բոլոր բանակներն ունեն հարևանների վրա (անգամ բարեկամ երկրների վրա) հարձակվելու և հարևաններից պաշտպանվելու պլաններ և սցենարներ: Համենայնդեպս` ենթադրվում է, որ պետք է ունենան: Ամբողջական պլանը մշակվում է գլխավոր շտաբում և մաս-մաս ուղարկվում այդ պլանը իրագործող ստորաբաժանումներին: Որպես կանոն այդ ծրարները տարիներով գցված են լինում հրամանատարական սեյֆերի մեջ: Առիթից առիթ, ստուգումից-ստուգում վրայի փոշին սրբվում է, որպեսզի եկած տեսուչը կարողանա տեսնել` արդյո՞ք «պլոմբը» տեղում է:

Nordic Monitor – ի հրապարակումից մենք իմացանք, որ 3 տարի առաջ տեսուչ է եկել Աքնջի ռազմաօդային կայան, բացել է տվել 2001 թվականից այնտեղ դարակներից մեկում գցած Հայաստանին վերաբերող ծրարը և տեսել, որ մեջը էջեր են պակասում, ինչի վերաբերյալ զեկուցել է վերադասին: Նյութը փաստացի սրա մասին է: Ոչ ավելի:

Արձագանքը. Շվեդիայից նետված տեղեկատվական քարը պատահմամբ հայկական բոստան է ընկնում և արթնացնում ազգային մեր գիտակցության պատտերններից թերևս ամենաամոթալին՝ թուրքի յաթաղանից ռուսի սապոգի տակ թաքնվելու անհաղթահարելի ցանկությունը: Հետևում էի ցանցում ու ցանցից դուրս մարդկանց քննարկումներին. էլի ու էլի «Սուլթան կուզե ջնջել մըզի, բայց ռուսը թույլ չի տա»: Առաջին մասի հետ լիովին համաձայն եմ, երկրորդ մասի հետ կապված` լուրջ կասկածներ ունեմ: Իսկ ինչո՞ւ պիտի թույլ չտա:

Շվեդիայում ապաստանած թուրք լրագրողներին արժե շնորհակալություն հայտնել: Նրանք, թեև ակամա, բայց դիպան հանրային մեր դիսկուրսի ամենանուրբ լարերից մեկին: Ես, օրինակ, հոդվածի տպավորության տակ միանգամից պատկերացրեցի մեր երկնքում անարգել թռչող թուրքական ռմբակոծիչները, տանս վրա ընկած ռումբը, այրվող Ռադիոտունը… Գյումրիից շարասյունով դեպի Ադրբեջան դուրս եկող ռուսական զորքը: Մոտավորապես այդպիսին էր Սիրիայի քրդական շրջաններից շաբաթներ առաջ դուրս եկող ամերիկացիների շարասյունը: Դաշնակիցները երբեմն իրենց այդպես էլ են պահում:

Երևակայական, բայց շատ սթափեցնող տեսիլք է, որը պետք է բոլորիս մոտ մի պարզ հարց առաջացնի: Որքանո՞վ ենք մենք ունակ ինքնուրույն լուծել մեր խնդիրները:

armradio.am