Forbes-ի առաջին տասնյակի միլիարդատերերը խորհուրդ են տալիս ռիսկի դիմել, մտածել սահմաններից դուրս և հետևել երազանքին, ոչ թե փողին:
- Խուսափեք «ինչպես է պետք» ծուղակից. Ջեֆ Բեզոս
Բեզոսը Amazon-ի միջոցով ծրագրել էր վաճառել ինտերնետի գրեթե բոլոր գրքերը: Բայց փորձագետներից ոչ մեկը, որի հետ նա խորհրդակցել էր, չէին կարծում, թե այդ գաղափարը հնարավոր է իրականացնել: Նրանց մեծ մասը խորհուրդ է տվել կենտրոնանալ հանրաճանաչ ժանրերի և հրապարակումների վրա:
«Մեր դիմած յուրաքանչյուր ողջամիտ մարդ մեզ ասաց, որ չանենք դա: Լավ խորհուրդներ ստացանք, անտեսեցինք դրանք, և դա սխալ էր: Բայց այս սխալը, պարզվեց, որ այն լավագույն բաներից մեկն է, որը պատահել է ընկերության հետ»:
Տեսակետների բազմազանության պատճառով Amazon-ի կայքը սկզբում հայտնի դարձավ օգտատերերի շրջանում, և դրա մասին տեղեկատվությունը սկսեց տարածվել սարաֆանային ռադիոյի միջոցով: Հավանաբար, եթե թիմը սկսեր ավելի ավանդական նախագիծ, ապա այդպիսի համբավ չէր ստանա:
«Փորձագետ դառնալուց հետո դուք հայտնվում եք տեղեկատվական դոգմաների մեջ ընկնելու վտանգի տակ: Դուք սկսում եք իմանալ՝ «ինչպես է պետք», և կորցնում եք հնարավորությունը՝ պարզելու, թե ինչպես դա կարող է լինել»:
- Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր ձեզ վերև են ձգում. Բիլ Գեյթս
2017 թվականին գործարարը որոշ խորհուրդներ տվեց ավագ դպրոցի շրջանավարտներին և մատնանշեց շրջակա միջավայրի կարևորությունը:
Գեյթսի խոսքով, մարդկային բնույթ այնպիսին է, որ մարդիկ շարժվում են այն նույն ուղղությամբ, որով շարժվում են իրենց մոտ գտնվող մարդիկ: Եթե ձեր ընկերները սովոր են շատ քիչ գոհ լինել, զարմանալի չէ, որ ձեր ջերմությունը ժամանակի ընթացքում մարում է: Ընդհակառակը, հաջողակ մարդիկ ձեզ ստիպում են հավատալ, որ դուք կարող եք ավելին անել:
«Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր մարտահրավեր են նետում ձեզ, սովորեցնում են և դրդում եք ձեզ լինել լավագույնը»:
Միլիարդատերն իր կնոջը համարում է այդպիսի մարդ: Մելինդա Գեյթսը ձեռներեց է և բարերար: Նա ամուսնացած է Microsoft-ի հիմնադրի հետ 1994 թվականից:
- Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ համար. Ուորեն Բաֆետ
Գործարարն առաջարկում է կարիերան համարել բիզնես, իսկ ինքներդ ձեզ՝ հիմնական ապրանք: Իմաստ չունի արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք սպառողը չի սիրում: Դուք ինքներդ չեք «վաճառվի» և երազանքի գործը չեք ստանա, եթե ներդրում չանեք ձեր սեփական աճի համար:
«Լավագույն ներդրումը, որ կարող եք կատարել, ներդրումն է ձեր ունակությունների մեջ: Այն ամենը, ինչ անում եք ձեր սեփական հմտությունները կամ բիզնեսը զարգացնելու համար, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինի»:
- Հիշեք, որ գումարը ոչ թե նպատակն է, այլ արդյունքի հետևանք. Բեռնար Առնո
Ֆինանսների ոլորտում երկարաժամկետ պլանավորումը կարևոր նշանակություն ունի: Դուք կարող եք հետապնդել հեշտ շահույթ, դա ստանալ, և, ի վերջո, բիզնեսը կփլուզվի: Առնոն առաջարկում է ավելի երկարաժամկետ մտածել և պատկերացնել, թե ինչ է լինելու ապրանքանիշի հետ հինգ, տասը տարվա ընթացքում, առաջիկա վեց ամիսների եկամուտները գնահատելու փոխարեն:
Նրա կարծիքով՝ հաջողության բանալին ժամանակին ինչ-որ բան ստեղծելն է և անընդհատ դրանում գերժամանակակից մի բան ավելացնելը:
«Փողը պարզապես հետևանք է: Ես միշտ իմ թիմին ասում եմ՝ մի անհանգստացեք եկամտաբերության համար: Եթե ձեր գործը լավ եք կատարում, շահույթը կգա»:
- Մի վախեցեք ռիսկի դիմել. Մարկ Ցուկերբերգ
Հարցազրույցներից մեկի ժամանակ հանրաճանաչ սոցիալական ցանցի հիմնադիրն ասել է, որ կասկածները խոչընդոտում են հաջողությունների հասնելու առաջընթացին: Facebook-ի հանրաճանաչության ուղին ավելի երկար տևեց այն մտավախության պատճառով, որ Google-ը նման արտադրանք կստեղծի, և նախագիծը կարող է ձախողվել:
«Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է: Մի աշխարհում, որը շատ արագ փոխվում է, միակ ռազմավարությունը, որը հստակ կձախողվի, ռիսկի չդիմելն է»:
- Մի հավատացեք երաշխավորված հաջողությանը. Ամանսիո Օրտեգա
Օրտեգայի պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես է հնարավոր դուրս գալ աղքատությունից և դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 13 տարեկանում նա դուրս է եկել դպրոցից, քանի որ քիչ գումար ունենալու պատճառով ստիպված է եղել գնալ աշխատանքի: Սկսելով որպես սուրհանդակ վերնաշապիկների խանութում՝ Օրտեգան կարողացավ ստեղծել Inditex կայսրությունը, որը մասնագիտանում է «արագ նորաձևության» մեջ:
Ապրանքանիշը կենտրոնացած է Իսպանիայի Լա Կորունա փոքրիկ քաղաքում: 82 տարեկան հասակում Օրտեգան գրեթե ամեն օր գնում է գրասենյակ, շփվում աշխատակիցների հետ և լսում նրանց գաղափարները: Եվ բիզնեսն ամբողջությամբ կենտրոնացած է հաճախորդների ցանկությունների վրա:
«Ամենավատ բանը, որ կարող ես անել, ինքնագոհ դառնալն է: Հաջողությունը երբեք երաշխավորված չէ: Ես երբեք ինքս ինձ թույլ չեմ տալիս գոհ լինել իմ արածից և միշտ փորձում եմ դա ներշնչել իմ շրջապատի բոլոր մարդկանց»:
- Մի վախեցեք մրցակցությունից, ուսումնասիրեք հակառակորդներին. Կառլոս Սլիմ Էլու
Գործարարն իր առաջին միլիոնները վաստակել է 17 տարեկանում: Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ նա սկսեց ներդրումներ կատարել 10 տարեկան հասակում՝ հոր օգնությամբ: Կառլոս Սլիմ Էլուն մինչ այժմ հետևում է նրա խորհուրդներին, որոնք բազմիցս ընդունել է:
Ըստ նրա՝ մրցակցությունն ավելի լավն է դարձնում միշտ, նույնիսկ, եթե մրցակիցը հաղթում է: Նա խորհուրդ է տալիս մրցել ամենաբարձր մակարդակի վրա` հասկանալու համար, թե որքան լավը կարող եք լինել:
«Մտածեք մարզիկի մասին: Նա կարող է շատ լավ լինել իր տանը, բայց ոչ այնքան լավ, որքան հարևանները: Դա հասկանալու համար հարկավոր է գնալ տնից դուրս»:
- Գնահատեք սխալները. Չարլզ Կոխ
Ըստ Չարլզ Կոխի՝ նորամուծությունների մեծ մասը հայտնվում է փորձության և սխալի միջոցով: Ավելին, վերջիններս նույնպես իմաստ ունեն, նույնիսկ, եթե վնասում են գործին: Դուք պարզապես ոչինչ չեք փորձի, եթե խուսափեք ձախողումներից:
«Եթե կարծում եք, որ փորձարկում եք, և երբեք ձախողումներ չեք ունենա, իրականում փորձարկումներ չեք կատարում»:
- Հիշեք, որ կան բաներ, որոնք չեք կարող վերահսկել. Դեյվիդ Կոխ
1992-ին Դեյվիդ Կոխի մոտ ախտորոշվեց քաղցկեղ: Չնայած բուժմանը, հիվանդությունը կրկին ու կրկին զարգանում էր: Տարիներ շարունակ ձեռնարկատերը հովանավորում է քաղցկեղի դեմ պայքարի վերաբերյալ հետազոտությունները:
«Գիտեք, երբ դիմակայում եք քաղցկեղին, մնացած ամեն ինչ կարծես թե շատ հեշտ է»:
- Մի շփոթեք ուրիշների սպասումները ձեր սպասումների հետ. Լարի Էլիսոն
Ապագա միլիարդատերը մտադիր էր բժիշկ դառնալ: Նրա ընտանիքը, ուսուցիչները, մի աղջիկ ցանկանում էին, որ Լարի Էլիսոնը ստանա այս մասնագիտությունը, բայց նա հեռացավ նախակրթական դպրոցից: Ավելի ուշ, երբ նա սկսեց ծրագրավորմամբ զբաղվել, նրա կինը լքեց նրան՝ վկայակոչելով այն փաստը, որ նա ամբիցիաներ չունի: Եվ ամուսնալուծությունը շրջադարձային էր:
«Հերթական անգամ չկարողացա արդարացնել ուրիշների սպասելիքները: Բայց այս անգամ ես ինքս հիասթափված չէի, քանի որ չէի կարող դառնալ այնպիսին, ինչպիսին ինձ համարում էին: Նրանց երազանքները ու իմ երազանքները տարբեր էին: Ես այլևս չեմ շփոթի դրանք»:
Սիրարփի Աղաբաբյան