Անհաս երեխաների համար շատ կարեւոր է կրծքի կաթով սնվելը, քանի որ այն կարող է նվազեցնել սրտի խնդիրների ծավալը վաղաժամ ծնվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում են վիրաբույժների բրիտանական Թագավորական քոլեջի գիտնականները, որոնք ուսումնասիրել են կրծքի կաթին նվիրված հետազոտությունները։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mailը, մինչեւ 37 շաբաթում ծնված երեխաներն ունեն թույլ սիրտ եւ սրտի խցերի կրճատված չափեր։ Կրծքի կաթը, պարզվել է, նպաստում է հորմոնների եւ աճի գործոնների կարգավորմանը, ինչը թույլ է տալիս ամրապնդել երեխայի իմունային համակարգն ու նվազեցնել բորբոքման մակարդակը։
Մի հետազոտությունում, որն ուսումնասիրել են գիտնականները, համեմատվել են 30 մեծահասակ մարդիկ, որոնք անհաս են ծնվել եւ միայն կրծքի կաթով են սնվել ստացիոնարում եղած ժամանակ, եւ 16 մարդ, որոնց այդ ընթացքում կերակրել են միայն խառնուրդով։
Սիրտ-անոթային համակարգի մանրազնինի ուսումնասիրությունները, ներառյալ ՄՌՏ-ն, 23 եւ 28 տարեկաններում ցույց են տվել, որ սրտի խցերը անհաս երեխաների մոտ ավելի փոքր են եղել, քան սովորաբար։ Բայց չափսերի տարբերությունը պակաս արտահայտված էր այն խմբի մոտ, որոնց կերակրել են կրծքի կաթով։
Առայժմ պարզ չէ, թե ինչպես է կրծքի կաթը բարելավում սրտի վիճակը, բայց գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել հակամարմինների հետ, որոնք մորից փոխանցվում են երեխային։ Դրանք ամրապնդում են անհաս երեխայի թույլ իմունային համակարգը։ Միեւնույն ժամանակ, կրծքի կաթը պարունակում է ավելի շատ աճի գործոններ, ֆերմենտներ, հակամարմիններ եւ ցողունային բջիջներ, որոնք կարող են անմիջականորեն օգնել սրտին հասնել նորմալ չափի։ Իսկ խառնուրդները այս բոլոր հատկությունները չունեն, հենց այդ պատճառով էլ կրծքի կաթը համարվում է լավագույն սնունդը երեխայի համար։