Արցախը երբեք չի ունեցել որեւէ բարդույթ որեւէ ազգության հանդեպ։ Մենք չունենք ատելություն ադրբեջանական ժողովրդի հանդեպ, քանի որ մենք չենք պայքարում ադրբեջանցի ժողովրդի դեմ։ Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղում մուղամ լսելու Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիեւայի ցանկությունը եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պատասխանը։
«Ընդհանրապես ես կարծում եմ, որ նորմալ չէ, երբ պայքարում են երեխաների, կանանց դեմ, սպանում են նրանց միայն ազգային, ռասայական, կրոնական հողի վրա։ Դա վայել չէ նորմալ մարդկանց։ Այդ պատճառով, եթե Մեհրիբան-խանումը, որպես հյուր կամ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ պաշտոնական այցով ժամանի մեր՝ Ադրբեջանի հարեւան երկիր, մենք միշտ ուրախ կլինենք ցանկացած պետության ցանկացած ներկայացուցչի ցանկացած այցի եւ հյուրի համար։ Սակայն, կրկին, որպես հավասար գործընկեր կամ զբոսաշրջիկ, հյուր։ Եթե նա կուզենա գալ որպես հյուր կամ միմյանց երկրները փոխադարձ ճանաչելուց հետո որպես պատվիրակության ղեկավար, խնդրեմ։
Ի դեպ, զբոսաշրջիկներն Արցախում կարող են այցելել տարբեր ակումբներ, լսել տարբեր ժանրի երաժշտություն՝ ջազ, օպերա, կարելի է միացնել հատուկ մուսուլմանական աշխարհի, Ադրբեջանի համար, հարաբերությունների կարգավորումից հետո, մուղամի ոճի երաժշտություն։ Սա տեխնիկական կողմն է։ Զբոսաշրջային ընկերությունները կարող են հաշվի առնել հյուրերի ճաշակը եւ համապատասխան ծառայություն մատուցել»,- նշեց Դավիթ Բաբայանը։