Երևանի Արամի 23 հասցեում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի հարակից տարածքում իրականացվող մեկ այլ շենքի քանդման աշխատանքները դադարեցվել են:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
«Մենք ահազանգի հետքերով գնացել էինք դեպքի վայր և այնտեղ դադարեցրինք ծավալված աշխատանքները:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» շենքի հարակից երկրորդ և երրորդ շենքերը չեն հանդիսանում պատմական հուշարձաններ»,- նշեց Աբրոյանը և հավելեց, որ իրենց գերատեսչությունն Արամի 23 շենքի ամրակայման համար թույլ է տվել ապամոնտաժել անմիջապես կից շենքը, քանի որ այն գտնվում է խիստ վթարային վիճակում:
Նրա խոսքով՝ այդ շենքի հանկարծակի փլուզման պատճառով կարող է վնասվել նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը:
«Այժմ ապամոնտաժում էին մեկ այլ շենք, այսինքն՝ սխալ շինություն են փորձել քանդել: Մենք անմիջապես դադարեցրել ենք այդ ապամոնտաժումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է իրականացվեն միայն փաստաթղթերով և օրենքով սահմանված քանդման աշխատանքներ»,- շեշտեց «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետը:
Աբրոյանն ընդգծեց, որ իրենք կառուցապատողի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, և կա իտալական կողմի նախագիծ, որով նախատեսված է Արամի 23 հասցեում գտնվող շենքի հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնել:
«Տվյալ աշխատանքները իրականացվելու են փուլերով: Առաջին և հրատապ փուլը հուշարձանը փրկելու միջոցառումներն են, հետագայում կլինեն արդեն վերականգնման և այլ աշխատանքներ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը փրկելու համար նախատեսված է հարակից տարածքի շենքի ապամոնտաժում»,- նշեց Աբրոյանը:
Դեպքի վայրում եղել են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: