Ցանկալի է օրվա ընթացքում սնունդ ընդունել 10-ժամյա դադարով. դա կօգնի բարելավել առողջությունը և կանխել շաքարային դիաբետի զարգացումը: Այս մասին հայտնում են Սան Դիեգոյի Սոլկի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) գիտնականները:
MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետները հետազոտություն են անցկացրել մետաբոլիկ համախտանիշով 19 մարդու մասնակցությամբ. վիճակ, որի դեպքում հաջորդ 5 տարիների ընթացքում 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը 5 անգամ մեծանում է, իսկ սիրտ-անոթային խանգարումների հավանականությունը՝ 2 անգամ: Կամավորներին խնդրել են 12 շաբաթ սնունդ ընդունել 10-ժամյա դադարով, իսկ մնացյալ 14 ժամում ոչինչ չուտել: Ընդ որում՝ կամավորները կարող էին ինքնուրույն ընտրել, թե 10-ժամյա դադարը որ ժամից սկսեն, և փոքր-ինչ փոփոխել վաղ նախաճաշի կամ ուշ ընթրիքի համար:
Պարզվել է, որ սնվելու նման ռեժիմը նպաստել է արյան ճնշման նվազմանը և խոլեստերինի մակարդակի բարելավմանը: Այսպես սնվելու դեպքում 12 մարդու մոտ դիտվել է նաև արյան մեջ գլյուկոզայի և A1c հեմոգլոբինի մակարդակի բարելավում: Այս փոփոխությունները կատարվել են մասնակիցների նախկին ֆիզիկական ակտիվությունը պահպանելու դեպքում: Ընդ որում՝ որոշ կամավորներ դադարեցրել են խոլեստերինի մակարդակի վերահսկման և հիպերտոնիայի դեղամիջոցներ ընդունել: